Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են Հայաստան ներկրված ավտոբուսների՝ երթուղի դուրս գալու մասին նոր մանրամասներ:
Ըստ այդմ՝ զեկուցվեց, որ նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը և 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով:
Մայիսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի:
3-րդ համարի երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով. այն կուղևորվի Նորքի 9-րդ զանգվածից մինչև Հարավարևմտյան թաղամաս (ՀԱԹ):
18 համարի երթուղու «Բոգդան» ավտոբուսներին կփոխարինեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները՝ Սիլիկյան թաղամասից մինչև Օշական:
21 համարի «Պազիկ»-ների փոխարեն կշահագործվեն փոքր դասի ավտոբուսներ (Սարի թաղ):
47 համարի փոքր դասի ավտոբուսները կունենան երթուղու փոփոխություն: Նուբարաշեն վարչական շրջանից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատման հատվածը, երթուղին կփոխարինվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով:
Եվս 2 փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր-Բաբաջանյան փողոց անվճար ուղևորություն: