Մայիսի 2-ից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկեն պարեկայինների վերջին՝ 4-րդ խմբի դասընթացները: Քննությունները հաղթահարել և ուսուցման փուլին է հասել 1400 դիմորդից 488-ը: Գնդապետ Մուրադյանը թվերն է մեջբերում, արձանագրում, որ 60 տոկոսը քաղաքացիներ են, որոնք նախկինում կապ չեն ունեցել իրավապահ համակարգի հետ:
Մանուկ Մուրադյան (ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ) - Քաղաքացիական անձանց ներգրավվածությունը բավականին մեծ է: Դա մեզ թույլ է տալիս արձանագրել առնվազն հետևյալը, որ էականորեն բարձրացել է վստահությունը ոստիկանության ծառայության նկատմամբ, և հատկապես ուզում եմ ընդգծել պարեկային ծառայության նկատմամբ վստահությունը:
Ապագա պարեկները 5-ամսյա դասընթացներ կանցնեն, կստանան տեսական ու գործնական գիտելիքներ, որ պատրաստ լինեն արդեն հոկտեմբերից ծառայության անցնել Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում ու Սյունիքում: Սրանք այն վերջին մարզերն են, որտեղ այս պահին նոր մոդելը դեռ չի գործարկվել:
Մանուկ Մուրադյան - Դասերը տևում են հինգ ամիս, վերջին մեկ ամիսը նրանք անցնում են պրակտիկա համապատասխան ծառայության վայրերում: Մեծ հավանականությամբ, դա լինելու է Երևան քաղաքը, քանի որ երթևեկությունը և շարժը Երևանում ավելի ծանր է, ավելի բարդ ծառայություն է, և Երևանում այդ պրակտիկան հաղթահարելուց հետո, կարծում եմ, մարզերում իրենց առջև դրած խնդիրները կարող են լուծել:
Բայց առաջին փուլով՝ տեսական դասընթացների միջոցով, ապագա պարեկները կտիրապետեն իրենց առջև դրված խնդիրները կատարելու օրենքի ու կանոնադրության պահանջներին: Դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը, վարչական վարույթներին, նաև քաղաքացիների հետ շփման կանոններին: Կրթահամալիրի պետի խոսքով՝ այս անգամ թեև 488-ից ընդամենը 15-ն է կին, իրենք պատրաստվում են մոտ ապագայում առանձին՝ միայն կին պարեկների համար նախատեսված ընդունելություն անցկացնել:
Մանուկ Մուրադյան - Մենք հաղթահարել ենք նախաընդունելություն, այսպես կոչված, և, ինձ հասած տվյալներով, դրանով ոստիկանության այլ ստորաբաժանումներ են զբաղվում, դիմորդների քանակը գերազանցում է 100-ը:
Մուրադյանը հիշեցնում է՝ ապագա 488 պարեկները, ինչպես օրենքով է նախատեսված կրթահամալիրի բոլոր ուսանողների համար, 5 ամիս կստանան նվազագույն աշխատավարձին համարժեք կրթաթոշակ, կրթահամալիրում գտնվող հանրակացարային ՝ 70 տեղանոց ֆոնդն էլ կտրամադրվի նրանց, ովքեր դիմում կտան դասընթացների ընթացքում Երևանում՝ հենց կրթահամալիրի տարածքում բնակվելու համար: