Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել լրագրողական խմբեր, փաստաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արգենտինահայ Խուան Պաբլո Գեչիչյանը, որ ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ժառանգ է, Ծիծեռնակաբերդ է այցելել մի խումբ արգենտինացիների հետ:
Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ժառանգ Վենսան Նիորեն Հայաստան է ժամանել Փարիզի փաստաբանների միության ներկայացուցիչների հետ: Նա մատնացույց է անում, որ մեծ եղեռնից 108 տարի անց էլ հայությունը լրջագույն խնդիրների առաջ է:
Վենսան Նիորե (Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ) - Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ոտնձգությունն ու բռնությունը ակնհայտ են: Ցեղասպանության 108-ամյակի նախօրեին Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղադրումը բոլոր պայմանավորվածությունների ու համաձայնագրերի խախտում է: Մեր այցի նպատակն է տեղում արձանագրել, որ կա ագրեսիա, կա նոր ցեղասպանության վտանգ: Մենք ցանկանում ենք արձանագրել այս բոլոր խնդիրները և միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այս հարցերին: Ալիևը պետք է գիտակցի, որ ամբողջ աշխարհի հայությունը ընդվզելու է:
Քիչ չեն նաև ցեղասպանության փաստը դատապարտող թուրքերը: Թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչները Երևանում են: Երեկ Եռաբլուր են այցելել, իսկ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին:
Սելայ Էրթեմ («Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ակտիվիստ) - Թուրքիայի այս քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում, որի պատճառով երկու ժողովրդի հարաբերությունն է փչանում: Ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ յուրաքանչյուր երկիր սեփական շահն է հետապնդում, և ինչպես ցեղասպանության ժամանակ կարող էին միջամտել և չէին միջամտում, այնպես էլ հիմա՝ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի դեպքում նույն քաղաքականությունն են վարում:
Ակտիվիստները իրենց գործունեության համար Թուրքիայի բացասական վերաբերմունքին են արժանանում, սակայն նշում են՝ այլընտրանք չունեն, պետք է շարունակեն իրենց աշխատանքը՝ ուղղված երկու ժողովուրդների՝ միմյանց ճանաչելուն, ցեղասպանության դատապարտմանն ու հետևանքների վերացմանը:
Հեղինակներ` Լիանա Խաչատուրյան, Մուշեղ Իսախանյան