ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին։
Հայաստանում առաջին անգամ գտնվող պատգամավորը երեկ այցելել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու և միջանցքը պաշտոնապես արգելափակելու աշխատանքներին։ Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Եղոյանը նաև իրազեկել է եվրոպացի գործընկերոջը, որ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն իսկ հրապարակայնորեն առաջարկում են ԼՂ բնակչությանը ստանալ ադրբեջանական անձնագրեր։
Զրուցակիցները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում հարցի բարձրացման անհրաժեշտությունը։
Պատգամավորները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարևորվել է սահմանամերձ բնակավայրերում համատեղ վերականգնողական ծրագրերի իրականացումը։
Հանդիպման ավարտին կողմերը խոսել են հայ-կիպրական բարեկամության, երկու ժողովուրդների առջև ծառացած խնդիրների հաղթահարմանն ուղղված հարցերի վերաբերյալ։