Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի ունեցավ «Հայկական ոգին» խորագրով խորհրդանշական և բացառիկ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։ Համերգը կազմակերպվել է Վերսալի արքայական պալատի օպերայի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության համագործակցությամբ։
Լեփ-լեցուն մատուռում՝ բազմահազար հանդիսատեսների առջև, ելույթ ունեցան Վերսալի պալատի արքայական օպերայի նվագախումբը՝ Ստեֆան Պլևնիակի ղեկավարությամբ, «Սուրբ Խաչ» երգչախումբը, ինչպես նաև մի շարք անվանի հայ երաժիշտներ։
Պատվավոր հյուրերի շարքում էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, եվրախորհրդարանի անդամներ, քաղաքապետներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչներ։ Ներկա էր նաև 2020 թվականին Սենատում Արցախի ճանաչման բանաձևը համահեղինակած, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էրվե Մարսելին:
Էրվե Մարսելի (Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ) - Վերսալում այս երեկոն բացառիկ է: Հայ համայնքին ես լավ եմ ճանաչում: Տարիներ շարունակ իմ սենատոր ընկերների հետ բարձրաձայնում եմ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցեր և պետք է շարունակենք դա անել: Այսօր դա առավել քան անհրաժեշտ է:
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին իր հերթին հերթին կարևորեց պայքարը ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ նաև Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկման ուղղությամբ:
Ֆրանսուա Պուպոնի (Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ) - Մենք շատ անհանգիստ ենք, քանի որ տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցիներն օգտվում Ուկրաինայի պատերազմի հետ կապված շատ բարդ միջազգային իրավիճակից՝ փակ պահելով Լաչինի միջանցքը: Այսպես շարունակվել չի կարող. ավելի քան 120,000 արցախահայեր շարունակում է մնալ արգելափակված: Միջազգային արդարադատությունը որոշում է ընդունել, որն Ադրբեջանը հաշվի չի առնում, ուստի մենք պետք է շարունակենք պայքարը։
«Հայկական ոգին» խորագրով համերգն արժանացավ հանդիսատեսի երկարատև ծափահարություններին։ Արդեն երկրորդ անգամ կազմակերպվող համերգի վերաբերյալ բարձր գնահատականն ու լայն արձագանքը հաշվի առնելով՝ Վերսալի արքայական պալատը մտադիր է Վերսալում Հայոց ցեղասպանության ոգեկոչման համերգները դարձնել ավանդական:
Հեղինակներ՝ Դիանա Գասպարյան, Մանե Ալեքսանյան