Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։
Անահիտ Մանասյանը ողջունել է դեսպանին ՄԻՊ գրասենյակում և, ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները, ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների հիմնական իրավունքների պաշտպանության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց և երեխաների պաշտպանության, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։
Դեսպան Կալյուրանդը, իր հերթին, շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշված գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Էստոնիայի դեսպանատան կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը։