Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այդպիսի առաջարկով հանդես է եկել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
ԼՂ 120 ՀԱԶԱՐ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ՌՈՒԲԻՆՅԱՆ
Հայության նկատմամբ ցեղասպանության վտանգը առկա է նաև այսօր: Խորհրդաժողովում նման ահազանգ հնչեցրեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմանը:
Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար) - Եթե մինչև այս հայտարարվում էր, որ դեկտեմբերից միջանցքը փակել են ադրբեջանցի բնապահպանները, և պաշտոնական Բաքուն դրա հետ ոչ մի կապ չունի, երեկվանից անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը պաշտոնապես փակեց այդ ճանապարհը: Արդեն մի քանի նիստ է՝ ես խոսում եմ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության կյանքը վտանգված է: Ես չեմ խոսում նրանց քաղաքական կամ այլ իրավունքների մասին, ես խոսում եմ իրական ցեղասպանության վտանգի մասին: 120 հազար մարդ դարձել է Ադրբեջանի պատանդը, մի երկրի, որն ատում է նրանց։ Հուսով եմ` միասին կկանխենք այս վայրագությունը:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿՈՉ ԿՈՂՄԵՐԻՆ
Տարածաշրջանում էսկալացիայից է խոսել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ կիսում է առկա մտահոգությունները:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչ (ԵԽ գլխավոր քարտուղար) - Միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը էլ ավելի է վատթարացնում այնտեղ ստեղծված իրավիճակը։ Դա չի նպաստում վստահության ամրապնդմանը և լարվածության նվազեցմանը: Երբ դեկտեմբերին Լաչինը արգելափակվեց, ես կոչ արեցի վերականգնել ազատ տեղաշարժը, այժմ էլ նույնն եմ կրկնում։ Աներևակայելի է, թե որքան դժվար է այնտեղ ապրող մարդկանց համար:
Նաև ցանկանում եմ կոչ անել կողմերին շարունակելու բանակցությունները։ Երբ նրանք դարձան Եվրոպայի խորհրդի մաս, նրանք ընդունեցին, որ պետք է աշխատեն առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ:
Ավելորդ է նաև ասել, որ Եվրախորհրդի բոլոր մարմիններին պետք է հնարավորություն տրվի այցելել բոլոր տարածքներ, որտեղ գործում է մեր մանդատը: Որոշ մարմինների ներկայացուցիչներ ցանկացել են գնալ տարածաշրջան, քանի որ կողմերից հակասական տեղեկություններ են ստացվում: Կարծում եմ՝ լավագույն տարբերակն է՝ նրանց թույլատրել տեղում գնահատել իրավիճակը:
ԼՂ-ՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԸ ՓԱՍՏԱԳՐՎԱԾ Է. ԳԱՎԱՆ
Տարածաշրջան եվրոպական առաքելությունների հասանելիություն ապահովելու՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի կոչերի ֆոնին «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների» հարցով զեկուցող Փոլ Գավանն էլ տեղեկացրել է, որ մայիսի վերջին մտադիր է այցելել տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստան և Ադրբեջան, և ցանկանում է լինել նաև միջանցքում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:
Փոլ Գավան («Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների» հարցով ԵԽԽՎ զեկուցող) - Լաչինի միջանցքով անարգել և անվտանգ տեղաշարժը համաձայնեցվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է միջանցքը անօրինական նպատակներով օգտագործելու համար, սակայն առանց այդ տարածք մուտք գործելու` անհնար է ստուգել այդ պնդումների իսկությունը: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի բնակչության տառապանքները և այնտեղ տիրող լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն պատշաճ կերպով փաստագրված են:
Փոլ Գավանը շեշտել է՝ անհրաժեշտ է, որ կողմերը ջանքեր գործադրեն և թույլ չտան, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց կյանքը էլ ավելի բարդանա: