Երևանի պետական համալսարանում դեկանատներ այլևս չեն լինի. այդպես է նախատեսվում նոր ուսումնական տարվանից: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կստեղծվեն ֆակուլտետային գրասենյակներ, որտեղ կմիավորվեն դեկանատներն ու ամբիոնների լաբորանտ-գործավարների հաստիքները, կկրճատվեն ավելորդ ծանրաբեռնվածությունն ու կրկնվող գործառույթները, կավելացվեն նոր լիազորություններ ու պարտականություններ: Գրասենյակի ղեկավար կդառնա դեկանի տեղակալը, իսկ դեկանները կշարունակեն մնալ ֆակուլտետի ղեկավար, սակայն արդեն ոչ որպես դեկաններ:
ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր) - Մենք ակնկալում ենք, որ այս բարեփոխումների փուլը անցնելուց հետո մեր ֆակուլտետները ավելի ուժեղ կլինեն վարչարարական տեսանկյունից և շատ ավելի էֆեկտիվ կլինեն իրենց հաղորդակցության մեջ: Սրա հիմնական նպատակը այդ ծառայությունները ավելի մոտ դարձնելն է այդ ծառայության առաջնային սպառողների համար, որպեսզի ուսանողը անընդհատ ստիպված չլինի գալ կենտրոնական մասնաշենք՝ ինչ-որ թղթի կամ տվյալի հետևից, տեղեկատվությունը տարածվի մաքսիմալ արագ, էֆեկտիվ և այլն:
Ֆակուլտետների ուսումնաօժանդակ անձնակազմի համար այժմ վերապատրաստման դասընթացներ են անցկացվում:
ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Հասցեագրում է այն բոլոր գործառույթներն ու ուղղությունները, որոնք ֆակուլտետային գրասենյակը ներառելու է: Այսինքն՝ կրթական պրոցեսի կազմակերպումը, դասախոսներին աջակցությունը, գիտական որոշ գործընթացների կոորդինացիան, կարիերայի ուղղությամբ աշխատանքները, շրջանավարտների հետ աշխատանքները, արտաքին գործընկերների հետ աշխատանքները:
Դասընթացների արդյունքում ատեստավորումն անցածները աշխատանքը կշարունակեն ֆակուլտետային գրասենյակներում: Աշխատավարձի բարձրացում էլ կլինի: Մոտավորապես 50 տոկոսով:
ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Նախկինում ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատավարձի բարձրացումը տեղի էր ունենում միայն այդ նվազագույն աշխատավարձի բարձրացման տրամաբանության մեջ, որպես կանոն:
Անի Ալանյանը աշխատում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում: Արդեն երկու շաբաթ է՝ մասնակցում է վերապատրաստման դասընթացներին:
ԱՆԻ ԱԼԱՆՅԱՆ (ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդրևութաբանության ամբիոնի լաբորանտ) - Գրասենյակի աշխատանքի վերաբերյալ թերևս դեռ ամբողջական պատկերացում չունենք, բայց ինչքան որ արդեն մասնակցում եմ վերապատրաստումներին, մի մասը ինձ ծանոթ աշխատանք է, որին մասնակցել եմ՝ ամբիոնի ներսի գործերին, իսկ մեկ հատված էլ արդեն ծանոթացել եմ այնպիսի աշխատանքների, որոնց ընդհանրապես թերևս չեմ առնչվել: Դա ավելի շատ դեկանատի աշխատանքներին է վերաբերում:
Պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի խոսքով՝ ֆակուլտետային գրասենյակների՝ ԵՊՀ մշակած այս ձևաչափը Հայաստանում նորություն է: Առաջնորդվել են եվրոպական ու ամերիկյան համալսարանների փորձով՝ այն իհարկե տեղայնացնելով:
Հեղինակ՝ Աննա Զախարյան