ԱՅՍՕՐ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՈԳԵԿՈՉԵԼՈՒ ՕՐ Է. ՄԱԿՐՈՆ
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Այսօր զոհերի հիշատակը ոգեկոչելու օր է. այն հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է:
Այն նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցության վկայությունն է»,- նշել է Մակրոնը։
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ ԱՐԺԱՆԻ Է ԱՊՐԵԼ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ. ԹՐՅՈՒԴՈ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:
«Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների ուժն ու ճկունությունը մեզ հիշեցնում է մեր հավաքական պատասխանատվության մասին՝ դեմ կանգնելու ատելության բոլոր դրսևորումներին: Յուրաքանչյուր ոք արժանի է ապրել հալածանքներից և խտրականությունից զերծ»,- նշել է Թրյուդոն:
Նա հիշեցրել է, որ Կանադայում ապրիլը ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս է՝ բոլոր կանադացիներին կոչ անելով ծանոթանալու մարդկության պատմության այս մութ էջին, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և համերաշխություն հայտնելու հայ համայնքին:
ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԶՈՀԵՐԻՆ. ԿԻՊՐՈՍԻ ԱԳՆ
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
«Մենք հիշում ենք զոհերին, աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը և ասում ենք՝ այլևս երբեք»,- նշված է գրառման մեջ:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Հունաստանի վարչապետը ուղերձ է հղել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Դեմ ենք ցանկացած արարքի, որը խտրականություն և բռնություն է հրահրում մարդկության նկատմամբ»,- նշել է Կիրիակոս Միցոտակիսը:
Հայ ժողովրդին զորակցություն է հայտնել նաև Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:
«Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելը ողջ մարդկության պարտքն է։ Այսօր մեր մտքերը Հունաստանի և համայն աշխարհի հայության հետ են»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է դիվանագետը:
ԿԱԼՅՈՒՐԱՆԴԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը:
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում օսմանցիների կողմից 108 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ես դատապարտում եմ հենց այս տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են գոյություն ունեցող համաձայնագրերը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը»,- նշել է նա:
ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Թուրքիայի «Ձախ կանաչներ» կուսակցությունը ապրիլի 24-ին նվիրված միջոցառում է անցկացրել: Կուսակցության հայտարարության մեջ նշված է՝ «Թշնամության, ատելության և կոտորածի վրա կառուցվող, սեփական անցյալից վախեցող հասարակությունները չեն կարող քայլել դեպի լավ ապագա»։
«Ձախ կանաչներ» կուսակցությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին քայլ անել և պատասխանատվություն ստանձնել։
ՀԱՅԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԿՈՉ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ևս Թուրքիայի իշխանություններին կոչ է արել առերեսվել պատմությանը, ընդունել ճշմարտությունը և ներողություն խնդրել:
«Մարդկության դեմ կատարած հանցագործություններն ընդունելը կայուն ապագայի կառուցման ճանապարհին ամենակարևոր քայլն է: Այս տարածաշրջանում հնագույն հայ ժողովրդի հետ խաղաղ ապրելը բխում է բոլորի շահերից», - ասված է կուսակցության հայտարարության մեջ:
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ միջազգային հանրության հայտարարություններին՝ շարունակելով իր երկրի ժխտողական քաղաքականությունը:
«Պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ քաղաքական խաբեբաների կողմից: Քաղաքական հայտարարությունները չեն կարող փոխել փաստերը: Թող ոչ ոք չհամարձակվի մեզ դասախոսություն կարդալ մեր պատմության մասին»,- գրել է Չավուշօղլուն: