Աստղիկ Եդիգարյան (ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար) - Այս ողբերգության մասին պետք է իմանալ, քանի որ արդարությունը դեռևս չի վերականգնվել:
83-ամյա Աստղիկ Եդիգարյանն աշխատում է 1996-ից՝ Հայոց ցեղասպանության թանգարանի բացման օրից: Ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանավարտն այստեղ աշխատանքի է ընդունվել պատահական, ամեն ինչ սկսել գրեթե զրոյից: Նշում է՝ խնդիր էր դրվել կարճ ժամանակում պատրաստել թանգարանային ցուցադրության բացատրական տեքստ՝ ռուսերենով:
Աստղիկ Եդիգարյան - Ցեղասպանության թեմայով կարդում էի հսկայածավալ գրականություն: Այդ ամենը պետք էր կարդալ, վերլուծել, ամրապնդել, պատրաստել շատ կարճ, բայց արտահայտիչ տեքստ: Չէ՞ որ էքսկուրսիան գիտական կոնֆերանս չէ: Բոլորովին այլ ժանր է, այցելուներին ներկայացվող խոսքը պետք է լինի պարզ, միաժամանակ հետաքրքիր, իհարկե հստակ, որպեսզի այցելուները ոչ միայն տեղեկանան, այլև զգան կատարվածն ու վշտակցեն:
Աստղիկ Եդիգարյանն ուղեկցել է հազարավոր այցելուների, Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակությունների, աշխարհահռչակ գիտնականների, մշակույթի գործիչների: Տպավորիչ է համարում Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի այցը: Շրջայցի ավարտին Ելցինը հուզվել է:
Աստղիկ Եդիգարյան - Նախագահ Ելցինը արդեն բարձրացել էր թանգարանի աստիճաններով, հետ եկավ ու ասաց՝ պահպանեք Ձեզ:
Ավագ էքսկուրսավարն այցելուների հետ շրջայցը սկսում է քարտեզից, որը հնարավորություն է տալիս պատկերացնել հայկական տարածքի երբեմնի մասշտաբները:
Աստղիկ Եդիգարյան - Նշված բոլոր քաղաքներում հայ բնակչությունը սպանվել ու բռնի տեղահանվել է: Ի դեպ, այստեղ նշված են միայն խոշոր քաղաքները: Պատկերացնո՞ւմ եք՝ մի ամբողջ ժողովուրդ ոչնչացվել, աքսորվել է, կանանց ու երեխաների մեծ մասը բռնի թրքացվել է:
Ձեռնափայտը չի խանգարում 83-ամյա էքսկուրսավարին շաբաթը երեք օր մի քանի ժամն անցկացնել ոտքի վրա: Նվիրված աշխատանքի համար Աստղիկ Եդիգարյանն արժանացել է բարձր պարգևների: Հայաստանի նախագահի հրամանագրով 2021-ին նա պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:
Հարություն Մարության (ՀՑԹԻ տնօրեն) - Լինում են դեպքեր, երբ մարդիկ գալիս են տիկին Աստղիկին լսելու համար, ամրագրելիս հարցնում են՝ կլինի, թե ոչ: Չնայած առաջացած տարիքին՝ շատ կրքոտ ձևով է թեման ներկայացնում, մարդկանց ստիպում, որ վերապրեն էդ ամեն ինչը: Նորեկները փորձում են սովորել:
Աստղիկ Եդիգարյանի նախնիները եղել են Արևմտյան Հայաստանից՝ Կարսից: Համիդյան ջարդերի ժամանակ նրանք տեղափոխվել են Ալեքսանդրապոլ: Հայտնի Ասլամազյան քույրերից մասնագիտությամբ հիդրոինժեներ Անահիտը, Աստղիկ Եդիգարյանի մայրն է: 83-ամյա էքսկուրսավարն անկեղծանում է՝ հիմա իր ամենամեծ երազանքն է՝ տեսնել կորսված հայրենիքը: