Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:
Ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոններում նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է զանգերի թիվը, փոխարենը նվազել դեպքերի ու պատահարների քանակը: Գրանցված 1253 զանգից 17-ը տեխնածին են, 16-ը կենցաղային բնույթի կանչեր են:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կանչերին՝ կատարելով փակված 3 դռան և 4 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Արտակարգ մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Հինգ պատանի բացօթյա հանգստանալու նպատակով դուրս են եկել քաղաքից և մոլորվել անտառում: Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում՝ փրկարարները վերջիններիս հայտնաբերել և տեղափոխել են Ստեփանակերտ:
Ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ 1 կանչ է գրանցվել. Ստեփանակերտ-Քռասնի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից ոչ ոք չի տուժել: Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և վերադարձել մշտական տեղակայման վայր:
Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Հրդեհի 3 դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում, 1-ը՝ Ասկերանի շրջանում։ Բոլոր դեպքերով կատարվել են կանխարգելիչ գործողություններ:
Յոթ օրվա ընթացքում փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը կատարել են 8 ելք։ Հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 278 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
ՆԳՆ ծառայողները ապրիլի 23-ին և 24-ին ապահովել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ջահերթի և հիշատակի երթի մասնակիցների անվտանգությունը, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: