ԲԱՅԴԵՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է 2024-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրվելու է Միացյալ Նահանգներում 2024 թվականին նախատեսված նախագահական ընտրություններում։
«Բոլոր սերունդներն ինչ-որ պահի հասկանում են, որ պետք է ոտքի կանգնեն հանուն ժողովրդավարության: Ահա թե ինչու եմ ցանկանում առաջադրվել նախագահի պաշտոնում»,- Twitter-ի միկրոբլոգում համաքաղաքացիների համար տեսաուղերձում ասել է Սպիտակ տան ղեկավարը:
ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես հայտարարել է, որ կրկին կպայքարի փոխնախագահի պաշտոնի համար:
ԹԲԻԼԻՍԻՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրչուլաձեն և Զաքիր Հասանովը Բաքվում պաշտպանական ոլորտում գործակցության մասին նորացված միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության ոլորտի մարտահրավերները, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և եռակողմ հարաբերությունները:
Բուրչուլաձեն Հասանովին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցելու Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին:
ԲԱՔՈՒՆ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՄ. ԱԼԻԵՎ
Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Ադրբեջանի գազատրանսպորտային համակարգերի օպերատորների միջև գործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ծրագրում է կրկնապատկել գազի մատակարարումները Եվրամիություն։
Ստորագրման արարողությանը հեռավար միացած՝ ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնն էլ կարծիք է հայտնել, որ Բաքուն Եվրոպայի փորձված և վստահելի գործընկերն է: Նրա խոսքով, Բուլղարիայի մայրաքաղաքում ստորագրված հուշագիրը կօգնի ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։
Սոֆիայում կայացել է նաև ադրբեջանական SOCAR-ի գրասենյակի բացման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի և Բուլղարիայի նախագահները:
ԱՇԽԱՐՀՆ ԱՅԺՄ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԱԾ. ԼԱՎՐՈՎ
Աշխարհն այժմ շատ ավելի մեծ վտանգի առաջ է կանգնած, քան Սառը պատերազմի ժամանակ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր աշխարհում բազմակողմանիության ապահովմանը։ Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ Սերգեյ Լավրովը նշել է. «Ուկրաինայի հարցը չի կարող դիտարկվել աշխարհաքաղաքական համատեքստից դուրս։ Խոսքն ամենևին էլ Ուկրաինայի մասին չէ... Խոսքն այն մասին է, թե ինչպես կձևավորվեն միջազգային հարաբերությունները, արդյոք դրանք կհիմնվեն շահերի հավասարակշռության, թե Արևմուտքի պայթյունավտանգ հեգեմոնիայի խթանման վրա», - ասել է ռուս դիվանագետը:
Լավրովը Նյու Յորքում նաև հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: Վերջինիս գրասենյակի տվյալով՝ Անտոնիու Գուտերեշը Ռուսաստանի արտգործնախարարի միջոցով Վլադիմիր Պուտինին նամակ է փոխանցել, որում ներկայացվել են հացահատիկի գործարքի իրականացման հետ կապված՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության գաղափարները:
Լավրովն էլ մտահոգություն է հայտնել, որ համաշխարհային շուկաներ ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի հասանելիության մասով Ուկրաինայի հետ ձեռք բերված համաձայնությունները չեն կատարվում:
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՋՈՐԴ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 24-ին Օդեսայի նավահանգստից դուրս եկած հեռակառավարվող նավակները փորձել են գրոհել Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի բազան:
Ռուսական կողմը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել, որ Օդեսայի նավահանգստային տարածքը նախատեսված է սևծովյան պարենային նախաձեռնության իրականացման համար, սակայն այժմ այլ նպատակների է ծառայում։
«Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունները վտանգի տակ են դնում հացահատիկի գործարքի հաջորդ երկարաձգումը, ժամկետը լրանում է այս տարվա մայիսի 18-ի»,- նշել են ՊՆ-ում։
ՉԺՀ ԱԳՆ-Ն ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Չինաստանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ապրիլի 21-ին ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շաեի տված հարցազրույցը, որի ժամանակ դիվանագետը հայտարարել էր, թե «Ղրիմն ի սկզբանե ռուսական էր» և Նիկիտա Խրուշչովի կողմից փոխանցվել է Ուկրաինական ԽՍՀ-ին։ Դեսպանը նաև կասկածի տակ էր դրել նախկին ԽՍՀՄ երկրների ինքնիշխանությունը:
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը նշել է, որ Պեկինի դիրքորոշումը Ղրիմի հարցում չի փոխվել, և չինական կողմը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանը մտահոգություն է հայտնել՝ «Չինաստանի դեսպանը կա՛մ «աշխարհագրության հետ կապված ակնհայտ խնդիրներ ունի», կա՛մ նրա հայտարարությունը հակասում է պաշտոնական Պեկինի դիրքորոշմանը»:
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում էլ Չինաստանի դեսպանները կանչվել են արտգործնախարարություններ և բացատրություններ ներկայացրել: