ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎՍ 4 ԵՐԹՈՒՂԻ
Մայրաքաղաքի որոշ փողոցներում կլինեն ավտոբուսների համար առանձնացված գծեր: Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարվեց՝ նախագծի իրականացման համար դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաներն ու Գարեգին Նժդեհի փողոցի մի հատվածը: Մայիսի 1-ից էլ մայրաքաղաքում շահագործման կհանձնվի տրանսպորտային ևս 4 երթուղի:
3-րդ համարի երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով. այն կուղևորվի Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև Հարավարևմտյան թաղամաս:
18 համարի երթուղու «Բոգդան» ավտոբուսներին կփոխարինեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները՝ կուղևորվեն Սիլիկյան թաղամասից մինչև Օշական:
Սարի թաղը սպասարկող 21 համարի «Պազիկ»-ների փոխարեն կշահագործվեն փոքր դասի ավտոբուսներ:
47 համարի փոքր դասի ավտոբուսները կունենան երթուղու փոփոխություն. Նուբարաշեն վարչական շրջանից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատման հատվածը, երթուղին կփոխարինվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով:
Եվս 2 փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր-Բաբաջանյան փողոց անվճար ուղևորություն:
Քննարկման ընթացքում «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանը նշեց՝ քաղաքապետարանի՝ երկու տարի առաջ գնած գազել միկրոավտոբուսների մի մասի մոտ առաջացել են տեխնիկական թերություններ: Դրանք գտնվում են երաշխիքի մեջ, թերությունը կվերացվի համաձայն պայմանագրի:
Հովհաննես Մանուկյան («Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն) - Մենք ունենք 100 «Գազել» մակնիշի փոքր դասի միկրոավտոբուսներ, գրեթե 50 տոկոսը չի աշխատում: Ե՞րբ էինք գնել դրանք: Երկու տարին արդեն լրացել է:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅԳԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ
Երևանի քաղաքապետարանը կշարունակի այգիների բարեկարգումը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց հետևողական լինել այգիները կրպակներից, ցանկապատերից, հին սրճարաններից և շինություններից մաքրելու գործում, ընդգծեց՝ պետք է վերադարձվեն հանրությունից վերցված տարածքները:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Այգիները պետք է լինեն կանաչապատ և պետք է լինեն մեր բոլորի, երևանցիների զբոսնելու վայրը, այլ ոչ թե մեկ-երկու կաֆեատիրոջ, այսպես ասած, սեփականությունը:
Տիգրան Ավինյանը կարգադրեց խիստ լինել նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում շինարարության ընթացքում հողազավթման, նաև հավելյալ ծավալների ինքնակամ կառուցելու նկատմամբ:
Տիգրան Ավինյան - Տարիների ընթացքում այ սենց մոտավորապես մոտեցմամբ՝ հա, դե, թողնենք, հա, դե կառուցել է արդեն, քաղաքը դարձել է այն, ինչը որ կա: Երևան քաղաքի կենտրոնին նայում ես՝ աչքերիցդ արյուն է թափվում:
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՇԵՆՔԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Երևանում վերջին տասնամյակում տեղադրված արձաններին: Դրանք կներառվեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Փոխքաղաքապետն առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել նաև հուշարձան-շենքերի հարցը:
Տիգրան Ավինյան - Քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք որ, կարելի է ասել, անտերության են մատնված, չեն շահագործվում, ջարդված պատուհաններով են և այլն: Եվ այստեղ, կարծում եմ, մենք ունենք անելիք՝ Կրթության, գիտության, մշակույթի նախարարության հետ համատեղ, և օրենքով նաև կան համապատասխան դրույթները, թե ինչ է տեղի ունենում, երբ սեփականատերը մշակութային հուշարձան հանդիսացող շենքերի հետ չի վարվում այնպես, ինչպես որ պետք է վարվի:
Գործակարգավարական քննարկմանը խոսվեց նաև մայրաքաղաքում ընթացող մաքրման աշխատանքների մասին: Ապրիլի 29-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան