ՇԻՖՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:
«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային մի շարք իրավական ակտերում, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագում, որի անդամ է հանդիսանում նաև Միացյալ Նահանգները», - նշված է բանաձևի տեքստում:
ԿՈԼՈՆՆԱՆ ԱՊՐԻԼԻ 26-28-Ը ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑ ԿԿԱՏԱՐԻ
Ֆրանսիայի արտգործնախարար Կետրին Կոլոննան ապրիլի 26-28-ը տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Երկրի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են նրա հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոլոնան նաև կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության ենթակայան և Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Ըստ գերատեսչության՝ Կոլոննան կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար, կայուն խաղաղության շուրջ բանակցություններին, որոնք հաշվի կառնեն երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքի սկզբունքները: Ֆրանսիայի արտգործնախարարը նաև կոչ կանի երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։
ՌԴ ՊՆ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՑԱԿԵՏԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ
Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետի տեղադրումանն է անդրադարձել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը արգելափակել է Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Խաղաղապահների ղեկավարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ»,- ՌԴ պաշտպանական գերատեսչության տեղեկագրում։
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄՏԱՀՈԳ Է ԼԱՉԻՆՈՒՄ ԱՆՑԱԿԵՏԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ. ՔԱՐՓԵՆԹԵՐ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ: Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքը մարդկանց տեղաշարժի և ապրանքների տեղափոխման համար պետք է լինի ազատ և բաց»:
Քրփենթերը կոչ է արել վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից:
ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՈԳԵԿՈՉԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Թվիթերի» միկրոբլոգում նա գրել է՝
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը։ Հիշելով պատմության այդ ցավալի դրվագը՝ եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ և պայքարել ատելության բոլոր դրսևորումների դեմ»։
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էր հղել նաև ԱՄՆ նախագահը, վերահաստատել «երբեք չմոռանալու»՝ Վաշինգտոնի խոստումը: «Եկեք միասին կրկնապատկե՛նք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլորը հնարավորություն կունենան ապրել արժանապատիվ, անվտանգության և հարգանքի պայմաններում»,- նշել էր Ջո Բայդենը:
ԺՈԼԻՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 108-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Կանադայի արտաքին գործերի նախարարը: Մելանի Ժոլին հայտարարել է, որ Կանադայում հայ համայնքի և աշխարհասփյուռ հայության հետ հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականի զոհերի հիշատակին և ապրումակցում նրանց, ովքեր զգում են Ցեղասպանության ողբերգության ցավը։
«Մեր ընդհանուր պարտականությունն է հարգել զոհերին և նրանց ընտանիքներին՝ պահպանելով պատմական ճշմարտությունը»,- ասել է Կանադայի արտգործնախարարը: