Ս․թ․ ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղարության, կոնգրեսի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառումն սկսվեց դեսպանության բակում գտնվող խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությամբ և աղոթքով, որը մատուցվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատոր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռամբ։ Աղոթքին հաջորդեց ծաղիկների խոնարհման արարողությունը։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ԱՄՆ պետքարտուղարության համաշխարհային քրեական արդարադատության հարցերով փոխդեսպան Դեյվիդ Մանդել-Էնթոնին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։ Օրվա բանախոսներն էին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանը և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և համանախագահ Էլիսա ֆոն Ժոեդեն-Ֆորգին։
Բանախոսները անդրադարձան Հայոց ցեղասպանության պատմությանը, ԱՄՆ կողմից տրամարդված աջակցությանը, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությանը, դրա կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին և մերօրյա հնարավոր ցեղասպանությունների վտանգներին։