Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նշել է, որ փորձել է այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն չի հաջողվել:
«Խնդիրն այն չէ, որ ոչ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող գնալ այնտեղ։ Ես մի քանի անգամ փորձել եմ: Մեկ ամիս առաջ էլ եմ փորձել, բայց փաստն այն է, որ չեմ կարող գնալ այնտեղ։ Եվ երբ Դուք ինձ հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, չեք այցելում այդ տարածք, ես կպատասխանեմ, որ դա ձեր պատճառով է, այն անդամ պետությունների պատճառով, որոնք չեն համագործակցում հանձնակատարի հետ, որպեսզի նրա մուտքը հնարավոր դարձնեն»,- նշել է Միյատովիչը:
Նա նշել է, որ փորձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին նայել մարդու իրավունքների տեսանկյունից:
«Ես հենց այս պահին էլ պատրաստ եմ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, բայց չեմ կարող, քանի որ պետք է պետությունները կամ պետությունը աշխատեն, որ դա ապահովեն։ Ես կարող եմ գնալ անգամ պատերազմական գոտիներ, բայց չեմ կարող գնալ Լեռնային Ղարաբաղ։ Ուստի երբ Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, դա նշանակում է, որ չեմ կարող, ոչ թե չեմ ուզում։ Այդ հարցի պատասխանը պետք է տան անդամ պետությունները»,- նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ արձագանքելով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե երբ են Եվրոպային խորհրդի պաշտոնյաները պատրաստվում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: