ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է 2022 թ. դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը: Այն Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում ընդունվել է որպես միջանկյալ միջոց և վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Հիշեցնելով դատարանի որոշումը՝ Գրիգորյանը նշել է. «Չկատարելով դատարանի որոշումը՝ այս կառույցում մեր ադրբեջանցի գործընկերները հերքում էին շրջափակման փաստը, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կապը այսպես կոչված «էկոակտիվիստների» հետ, որոնք փակել են ճանապարհը: Այս կիրակի Ադրբեջանն աշխատանքներ սկսեց՝ հսկիչ անցակետի տեղակայման ուղղությամբ: Վստահ չեմ, որ անգամ սրանից հետո նրանք կընդունեն շրջափակման փաստը»: Գրիգորյանի խոսքով՝ տեղում միջազգային դիտորդության հնարավորություն պետք է ստեղծվի:
Պատգամավորը նշել է նաև, որ քանի դեռ բոլորը զբաղված են Ուկրաինայի պատերազմով՝ Ադրբեջանը փորձում է իր նպատակներին հասնել՝ խախտելով միջազգային իրավունքը և ուժ կիրառելով: Գրիգորյանի խոսքով՝ քանի դեռ որևէ մեկը չի զսպում Բաքվին, վերջինս կշարունակի իր գործելաոճը:
ԱԺ պատգամավորը կոչ է արել միավորվել՝ պաշտպանելու մարդու իրավունքները և առհասարակ ժողովրդավարությունն ընդդեմ բռնապետության: