Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ` պատասխանատու պաշտոնում մաղթելով ձեռքբերումներ:
Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբևէ գտնվում են բարձր մակարդակի վրա և շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:
ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին խնդրել է ողջույններ փոխանցել Հնդկաստանի Լոկ Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլային, որի հետ մեկ ամիս առաջ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում բովանդակալից զրույց են ունեցել: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի արդյունավետ գործունեությունը` հույս հայտնելով, որ Հնդկաստանի խորհրդարանում եւս խորհրդարանական բարեկամական խումբ կձևավորվի:
Արձանագրվել է միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև դրական համագործակցությունը, ուշադրություն է հրավիրվել միջազգային կազմակերպություններում կենսական հարցերի շուրջ ներկայացվող փոխվստահությանը:
Քննարկվել են տարածաշրջանին, Հայաստանին և Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում մշտապես կապ պահել Ազգային ժողովի հետ և նպաստել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: