ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԳՈՐԾԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ
Հայոց ցեղասպանության զոհերի, նաև բանակում օրերս զոհված ծառայողների հիշատակը հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգելով սկսեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Խորհրդարանի օրակարգային առաջին հարցը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններն էր: Նախագիծը հաստատվեց՝ Զենքի շրջանառության կարգավորման մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգվեց. 2023 թվականի ապրիլի 28-ի փոխարեն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին:
Դեռևս անցած տարի ընդունված օրենքը սահմանում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան: Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն, զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն և այլն:
«ՊՈԼԻԳՐԱՖ» ԱԿՈՒՄԲԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Խորհրդարանականները հիմնական զեկուցող՝ ներքին գործերի նախարարի տեղակալին, սակայն, այլ խնդիրներից հարցրին: Ուշադրության կենտրոնում թմրամոլության դեմ պայքարն էր և երևանան «Պոլիգրաֆ» ակումում ապրիլի 23-ի Ոստիկանության գործողությունները: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, «Պոլիգրաֆ» ակումբում խուզարկությամբ հայտնաբերվել են ապօրինի իրացվող «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ: Ձերբակալվել և Ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 41 անձ, նրանք հարցաքննվել են, ապա ազատ արձակվել: Քննչականի հավաստմամբ՝ ակումբի չորս աշխատակիցների մոտ հայտնաբերվել են պոլիէթիլենային փաթեթներով դեղնականաչավուն զանգվածներ, կաթուցիչ, սրվակ և այլն: Թմրանյութերի դեմ պայքարը խրախուսվում է, քաղհասարակության ներկայացուցիչներին, սակայն, մտահոգել է իրավապահների գործողությունների իրավաչափության հարցը: Խնդրի մասին խոսեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Զարուհի Բաթոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Քննարկման ենթակա չէ փաստը, որ հանցավորության դեմ պայքարը պետք է կոշտ բնույթ կրի, և մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք այդ ուղղությամբ, բայց դա երբեք չպետք է ուղեկցվի բռնությամբ: Սոցցանցերում տարածվել են տեսանյութեր, լուսանկարներ, տեքստեր, որտեղ աշխատակիցները պատմում են իրենց հանդեպ ենթադրյալ բռնության մասին: Դուք տեղեկություններ ունե՞ք այդ վկայությունների մասին, եթե այո, որևէ գործողություն նախաձեռնվե՞լ է, թե որքանով են դրանք օրինաչափ եղել ոստիկանության կողմից:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում շատ ավելի բարձր է ռիսկը թմրամիջոցների շրջանառության, արդեն իսկ որոշակի դրվագներ ունենք տարբեր ակումբների շրջանակներում: Ինչ վերաբերում է բռնությանը, եթե լինի այնպիսի անհամաչափ ուժի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն ծառայողի կողմից, ապա դա անպայման վրա կհասնի: Այս պահին ես կդժվարանամ ասել՝ համաչա՞փ է եղել ուժի կիրառումը, կամ բռնություն եղե՞լ է, թե՞ ոչ, բայց վստահեցնում եմ՝ մենք առերևույթ զոհերից ունենում ենք հաղորդումներ, և ըստ այդմ՝ ոստիկանությունն իր իրավասության շրջանակներում, իսկ հետագայում նաև քննչական մարմիններն իրենց իրավասության շրջանակներում համապատասխան արձագանք են ապահովում:
Կառավարող ուժից Արմեն Խաչատրյանը քաջալերեց ուժային կառույցներին թմրամոլության դեմ պայքարի գործում:
Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այսօր ոստիկանությունը մտնում է մի կլուբ, որտեղ բոլորին հայտնի է, որ թմրամիջոցներ են տարածվում՝ սինթետիկ թմրամիջոցներից սկսած մինչև ամեն ինչ, միջոցառում է իրականացվում, մեկ էլ տեսեք, ասում են՝ բռնություն: Ի՞նչ բռնություն: Մենք բոլորս պետք է լծվենք թմրամիջոցների դեմ պայքարի գործին՝ պատգամավոր, ոստիկան, դատախազ, դատավոր: Մեր առաջին խնդիրը պետք է լինի պայքարը թմրամիջոցների դեմ:
Պատգամավորը վստահ է, որ շատերրը խնդրի խորությունն ու լրջությունը չեն պատկերացնում:
Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մենք չենք պատկերացնում, որ դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ են: Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում նրանց մոտ, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում: Եվ մեր բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալով տարածվեն:
Արմեն Խաչատրյանն առաջարկեց պետական մարմինների հետ աշխատանքային պայմանագրերում տող ավելացնել, որ աշխատողը, այդ թվում՝ պատգամավորները, տարվա մեջ 1-2 անգամ անցնեն թմրաթեստ: Խորհրդարանական 2-րդ ուժի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակության քարտուղար Արծվիկ Մինասյան էլ համակարծիք է, որ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարը պետք է խստացվի:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Ըստ օդում կախված լուրերի, ինչպես նաև մամուլի հրապարակումների համաձայն՝ այս լայնորեն տարածված երևույթը՝ թմրանյութերի տարածումը, ունի իշխանական որոշակի հովանավորչություն, կամ հովանավորվում է այդպիսին ներկայացող անձանց կողմից: Համակարգային պայքարը պետք է վերաբերի բոլոր ուղղություններին և բոլոր անձանց՝ անկախ զբաղեցրած դիրքից, դերից, ունեցած հնարավորությունից։ Անչափահասների շրջանում, դպրոցներում, նաև զինված ուժերում, այն բոլոր ոլորտներում, որոնք մեր անվտանգության համակարգերի հետ են կապված:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Պարոն Մինասյան, եթե նման փաստեր կան, առաջարկում եմ դիմեք դատախազություն, ես էլ իմ կողմից կաջակցեմ այդ հարցում։
ՀՀ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԿԱՎԵԼԱՆԱ
Խորհրդարանականների օրակարգում էր նաև «Հայաստանի և Ռուսաստանի կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի մասնաբաժնի առուվաճառքի մասին» համաձայնագիրը: Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը շեշտեց՝ համաձայնագրի վարերացմամբ Հայաստանի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա:
Էդուարդ Հակոբյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Համաձայնագրով ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ սեփականությանը փոխանցել 64 մլն դոլար արժեքով 64 հազար բաժնետոմս, իսկ հայկական կողմը պարտավորվում է ապահովել մասնակցության մասնաբաժնի ընդունումը և վճարել համապատասխան մասնաբաժիններով առաջիկա 4 տարվա ընթացքում: 2024-2027 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է 16 մլն դոլարին համարժեք ռուբլի վճարում կատարել այս ուղղությամբ: 64 մլն դոլար արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելու արդյունքում Հայաստանի ներկայիս 0.007 տոկոս մասնաբաժինն էապես կավելանա՝ կազմելով 4.23 տոկոս:
Փոխնախարարը հայտնեց, որ այս քայլով Հայաստանը Ռուսաստանի հետ վերահաստատում է շահագրգռվածությունը՝ շարունակելու խորացնել հարաբերությունները Եվրասիական զարգացման բանկի հետ։ Արտահերթ նիստում քննարկված նախագծերը խորհրդարանն ընդունեց առաջին, նույնը օրը՝ նաև երկրորդ ընթերցմամբ:
Հեղինակ՝ Անի Օհանյան