Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հարգում է 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվել են 108 տարի առաջ սարսափելի ցեղասպանության հետևանքով՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսին:
«Անցյալ տարի մեր պատվիրակությունը հանդիսավոր պատիվ ունեցավ այցելելու Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին: 2019 թ. ԱՄՆ Կոնգրեսը Օսմանյան կայսրության կողմից իրականացված վայրագությունները ճանաչեց որպես ցեղասպանություն։ Ստանձնելով պաշտոնը՝ Ջո Բայդենը կատարեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր խոստումը»,- գրել է Փելոսին, հավելել, որ իրենք աշխատում են, որ նման սարսափն այլևս երբեք չկրկնվի։
Նրա խոսքով՝ Կոնգրեսը հավատարիմ է Հայաստանում կայունությանը, անվտանգությանը և ժողովրդավարությանը: