Ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի երեկ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդի, ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների, Փարիզի շրջանի քաղաքապետների, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթանակի կամար, որտեղ ներկաները ծաղկեպսակներ են դրել: Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո Հայաստանի դեսպանը անցկացրել է Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԿՈԼՈՐԱԴՈՅՈՒՄ
Կոլորադոյի նահանգապետն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ջարեդ Փոլիսը հիշեցրել է, որ Կոլորադոյի նահանգային Կապիտոլիումի այգում կան Հայկական հուշահամալիր և խաչքար՝ նվիրված մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակին: Բացի այդ, նահանգում ավագ դպրոցն ավարտելիս պահանջվում է Ցեղասպանության վերաբերյալ դասընթաց անցնել:
«Մինչ հայերը ոգեկոչում են Ցեղասպանության հիշատակի օրը, մենք մտահոգված ենք, որ փորձեր են կատարվում՝ Լեռնային Ղարաբաղում կրկնելու Հայոց ցեղասպանությունը: «Այլևս երբեք»-ը պետք է նշանակի «այլևս երբեք» աշխարհի բոլոր անկյուններում»,- նշված է Փոլիսի հայտարարության մեջ:
ՄԵՆՔ ՀԱՐԳՈՒՄ ԵՆՔ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ. ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Հունաստանի նախագահը Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի հետ կապված։
«Մենք հարգում ենք Օսմանյան կայսրության ժամանակ սպանված հայերի հիշատակը։ Մեր պարտքն է պայքարել խտրականության բոլոր դրսևորումների դեմ, որպեսզի մարդիկ ապրեն ապահով՝ անկախ իրենց ինքնությունից, ծագումից և համոզմունքներից»,- գրել է Կատերինա Սակելարոպուլուն։
Հայ ժողովրդին զորակցություն է հայտնել նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելը ողջ մարդկության պարտքն է։ Այսօր մեր մտքերը Հունաստանի և համայն աշխարհի հայության հետ են»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է դիվանագետը:
ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Թուրքիայի «Ձախ կանաչներ» կուսակցությունը ապրիլի 24-ին նվիրված միջոցառում է անցկացրել, որի ընթացքում պաշտոնյաները հիշեցրել են՝ ՄԱԿ-ը 1915 թվականի կոտորածը ճանաչել է ցեղասպանություն։
Կուսակցության հայտարարության մեջ նշված է՝ «1915 թվականից հետո էլ, նույնիսկ՝ այսօր, էթնիկ զտման քաղաքականությունը շարունակվում է: Թշնամության, ատելության և կոտորածի վրա կառուցվող, սեփական անցյալից վախեցող հասարակությունները չեն կարող քայլել դեպի լավ ապագա»։
«Ձախ կանաչներ» կուսակցությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին քայլ անել և պատասխանատվություն ստանձնել։
ՀԱՅԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԿՈՉ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ևս կոչ է արել իշխանություններին առերեսվել սեփական երկրի անցյալին, ընդունել ճշմարտությունը և ներողություն խնդրել:
«Մարդկության դեմ կատարած հանցագործություններն ընդունելը կայուն ապագայի կառուցման ճանապարհին ամենակարևոր քայլն է: Այս տարածաշրջանում հնագույն հայ ժողովրդի հետ խաղաղ ապրելը բխում է բոլորի շահերից»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ: