Ցեղասպանությունը վերապրած պապի կյանքի պատմությունն է ներկայացնում 15 տարի ՌԴ-ում ապրած և «իԳործ» ծրագրով մեկ տարի առաջ Հայաստանում հաստատված Անի Հարությունյանը: Պապը գաղթի ճանապարհին կորցրել է ընտանիքը, տեղափոխվել Էջմիածնի որբանոց: Կես դար անց Անիի հայրը պարզել էր, որ ցեղասպանությունից փրկվել է նաև հորեղբայրներից մեկը, ով ապրում է Սասունում: Երկու եղբայրներն այդպես էլ չեն տեսել իրար, սակայն ընտանիքները տարիներ անց գտել են միմյանց ու հանդիպել: Անին հանդիպման մասին խոսելիս այն էմոցիոնալ, սակայն՝ ցավալի է համարում:
Անի Հարությունյան - Իրենք հասկանում են միայն Սասնո բարբառը, իմ այսօրվա հայերենը իրենց համար է անհասկանալի, և մենք շփվում ենք անգլերեն, որ իրար հասկանանք: Սա, կարծում եմ՝ ցավ է: Եվ ինձ համար է անձնապես ցավ, քանի որ մենք մեր լեզուն ենք կորցրել և իրար պետք է հասկանանք օտար լեզվով խոսելով:
Թամար Քէօշքէրեանը ևս Ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերունդն է: Պապն ու տատը Լիբանան գաղթելուց հետո են ծանոթացել, և երկուսն էլ երկրորդ անգամ ընտանիք կազմել: Մինչև այդ գաղթի ճանապարհին պապը կորցրել էր կնոջը՝ երեք երեխաների հետ հասնելով Սիրիա, այնուհետև՝ Լիբանան:
Թամար Քէօշքէրեան - Մեծ մայրիկս նույն ձևով հասել է Լիբանան, բայց հասել է ՝ կորցնելով իր ամուսնուն և որդուն: Հետո տարիներ անց իմացել ենք, որ իր տղային՝ Սարգիսին, տեղափոխել են այլ տեղ, մինչև հիմա բան չգիտենք:
Թամար Քէօշքէրեանը Հայաստանում է արդեն 3 տարի՝ կրկին «իգործ» ծրագրով: Ցեղասպանությունը վերապրածների հազարավոր պատմություններից սրանք միայն երկուսն են: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ Ցեղասպանությունից տուժածների ու զոհերի ժառանգները, ապրելով Հայաստանում և սփյուռքում, այսօր պետք է իրենց ամբողջ ներուժը օգտագործեն Հայաստանի անվտանգության ապահովման համար:
Զարեհ Սինանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Այսօր մեր ժողովրդի մի զգալի զանգված ցեղասպանության վտանգի առաջ է կանգնած: Այսօր մեր պետության և նույնիսկ տարածքի և մեր ժողովրդի հասցեին մեկ այլ պետության՝ նույն ցեղասպան ազգի մի մասնաճյուղը ցեղասպանական տոնով է խոսում և սպառնում մեզ ցեղասպանել:
Հետևաբար, ըստ Սինանյանի, եթե Հայաստանում ու սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ուզում են, որ այլևս երբեք չլինի ցեղասպանություն, պետք է դրան համապատասխան քայլերը սկսեն հենց այսօր:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան