ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Ադրբեջանի նախագահը Բաքվում ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին։ Իլհամ Ալիևը և Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են միջազգային օրակարգի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված մի շարք հարցեր: Կողմերն ընդգծել են, որ երկու երկրի միջև առկա կապերը դինամիկ զարգանում են տարբեր, այդ թվում՝ ռազմական ոլորտներում։
Պաշտոնյաներն անդրադարձել են նաև երկկողմ գործակցության հեռանկարներին։
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ ԻՇԽՈՂ ՈՒԺԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ստամբուլում անհայտ անձինք կրակ են բացել երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի ուղղությամբ։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Սա վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին դեպքը չէ: Օրերս անհայտ անձինք մի քանի անգամ թիրախավորել էին Ադանայում և Ստամբուլում «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակները: Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ միջադեպերը կապված են մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ:
ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ՔԱՆ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինան չի կարող հրաժարվել Բախմուտի պաշտպանությունից, քանի որ քաղաքի գրավումը թույլ կտա ռուսական զորքերին և «Վագների» ուժերին ընդլայնել ճակատը և ավելի շատ հողեր գրավել՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ եթե ռուսական զորքերը գրավեն քաղաքը, այնուհետև կարող են հարձակման անցնել Դոնեցկի շրջանի Կրամատորսկ և Սլավյանսկ բնակավայրերի ուղղությամբ:
«Չեմ կարող այնտեղ ստեղծված իրավիճակը «լավ» որակել, բայց պայքարում ենք։ Մենք ավելի ուժեղ ենք, քան մեկ տարի առաջ»,- նշել է Զելենսկին, հավելել՝ Ուկրաինայի զինված ուժերն այժմ ակտիվորեն պատրաստվում են հակահարձակման, որը, նախագահի կարծիքով, հաջողությամբ կավարտվի։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն էլ նշել է, որ զինված ուժերը պատրաստ կլինեն հակահարձակման, երբ բավականաչափ զենք ստանան գործընկերներից։
Մինչ այդ ռուսական կողմը հայտարարում է Բախմուտում առաջխաղացման և քաղաքի մեծ մասը գրավելու մասին:
ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Նյու Յորք, որտեղ ապրիլի 24-ին և 25-ին կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին։ Նախատեսված է ռուս դիվանագետի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Նիստերին հրավիրված է նաև ԱՄՆ պետքարտուղարը: Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է դիտարկելու Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման հնարավորությունը։
Միաժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվան չի մոռանա և չի ների Վաշինգտոնին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար ռուս լրագրողներին վիզա չտրամադրելու որոշումը։
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ
Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ հունվարին մեկնարկած բողոքի ակցիաները և գործադուլները չեն դադարում՝ չնայած երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությանը, որ փոփոխությունների հաստատումը կասեցված է առնվազն մինչև ամառ։ Թել Ավիվում Իսրայելի անկախության օրվան ընդառաջ ավելի քան 120.000 մարդ դուրս է եկել փողոց, հակակառավարական կոչեր հնչեցրել, պահանջել չեղարկել փոփոխությունները, որոնցով, ցուցարարների կարծիքով, Նեթանյահուն փորձում է յուրացնել իշխանությունը:
Ըստ լրատվամիջոցների՝ սա վերջին շաբաթների ամենախոշոր ակցիաներից մեկն է։ Ցուցարարները կրել են «Նեթանյահուն կոռումպացված է», «Փրկենք ժողովրդավարությունը», «Դատավորները խամաճիկներ չեն» կարգախոսներով պաստառներ։
ԼԱՐՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒԴԱՆՈՒՄ
Սուդանում չնայած վերջին օրերին բազմիցս հայտարարված հրադադարին՝ երկրի կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումները չեն դադարում, լարված է իրավիճակը մասնավորապես մայրաքաղաք Խարթումում: Փոխհրաձգությունների հետևանքով կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Սուդանի առողջապահության նախարարության տվյալով՝ ավելի քան 600 մարդ է զոհվել, կան հազարավոր վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: Տուժածներ կան նաև զինվորականների շրջանում, սակայն զոհերի թիվը դեռևս չի նշվում: Լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքացիները տարհանվում են:
Սուդանում գտնվող օտարերկրացիների և դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանման մասին են հայտարարել Իսպանիան, Շվեդիան, Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ: Ջո Բայդենն էլ տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերը կմնան Ջիբութիում՝ ապահովելու քաղաքացիական ծառայողների անվտանգությունը, հավելել՝ անհրաժեշտության դեպքում տարածաշրջան լրացուցիչ ուժեր կուղարկվեն: