Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը:
«2023 թվականի ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Գրանցված հաղորդումներից 34-ը հանցագործությունների մասին են: Դրանցից 32-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են:
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 13 դեպքերը:
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ արձանագրված 3, խարդախության 2, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման մեկական դեպքերը:
ՆԳՆ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում այլ հանցատեսակների նախականխման, կանխման, բոլոր հանցագործությունների բացահայտման և խափանման ուղղությամբ:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել են 2 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:
Շաբաթվա ընթացքում գրանցվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված սահմանային խախտումներ: Նախ՝ ապրիլի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։
Մոլորեցնելով միջազգային հանրությանը՝ այդպիսով Ադրբեջանը հումանիտար բեռների փոխադրումները և ներքին տեղաշարժերը ներկայացնում է իբրև թե ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեղափոխում: Մյուս կողմից, նույն օրը խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ է բացել Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի հողատարածքներում աշխատող Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ դադարեցնելով գյուղատնտեսական աշխատանքները։
Իսկ ապրիլի 23-ից Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը շրջափակմամբ պայմանավորված շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։
Այդ ճանապարհը կապվում էր Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերին։ Հավելենք նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից նույն ճանապարհը դեպի Ստեփանակերտ փակ է Շուշիի խաչմերուկում։
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 6 պատահար, բոլորը՝ նյութական վնասով: Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 13 վարորդ, 12-ը եղել են անսթափ վիճակում, 33 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: