Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է անցկացվել ԱՄՆ Կոնգրեսում: ԱՄՆ օրենսդիրների բնորոշմամբ` պետք է անել ամեն ինչ` երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար: Կոնգրեսականները տեղեկացրել են, որ շուտով Ադրբեջանին դատապարտող նոր նախագիծ են ներկայացնելու:
Վարողը հույն համայնքային գործիչ էր։ Ելույթ ունեցողների թվում ասորիներ կային ու քուրդ համայնքային գործիչ. «Կանխելով երկրորդ Ցեղասպանությունը» խորագրով հիշատակի միջոցառումը կապիտոլիումի բարձունքին ի ցույց էր դնում տարբեր ժողովուրդների համերաշխությունը հայերի հետ: Սենատոր Ռոբերտ Մենենդեսը խոսեց իր հայուհի կնոջ ընտանիքի պատմության մասին։
Ռոբերտ Մենենդես (ԱՄՆ Սենատոր, Նյու Ջերսի) - Իմ տիկինն իր պապին է կորցրել Ցեղասպանության ժամանակ։ Երկու տարի է անցել այն օրվանից, ինչ նախագահ Ջո Բայդենը կատարվածը բնութագրեց որպես Ցեղասպանություն։ Չնայած ձեռքբերումներին՝ դեռ շատ անելիք ունենք։ Ոչ միայն որովհետև Թուրքիան ժխտում է Հայոց Ցեղասպանությունն, այլ նաև որովհետև Ադրբեջանն ապօրինաբար շրջափակման է ենթարկել Արցախին։
Հիշատակի ձեռնարկի խորագիրն էր «Կանխել երկրորդ Ցեղասպանությունը»: Միջոցառման ողջ ընթացքում այս գաղափարը բազմիցս հնչեց օրենսդիրներ Մենենդեսի, Փալոնի, Շիֆի, Սանչեզի ելույթներում։
Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին նույնպես մասնակիցների ցանկում էր: Նա հիշեցրեց՝ մինչև Ջո Բայդենը, նախագահի շատ թեկնածուներ էին խոստացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այդ խոստման մասին մոռացել էին նախագահ դառնալու օրը։
Նենսի Փելոսի (ԱՄՆ Կոնգրեսի անդամ, նախկին խոսնակ) - Հիշում եմ` ինչպես էր տարիներ առաջ նախագահ Ջորջ Բուշն ինձ ասում՝ գիտեմ, Նենսի, Դուք ինձ հիմա ցույց եք տալու այն նամակը, որում ես խոստացել էի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Ես պատասխանում էի՝ այո, ցույց եմ տալու։ Բայց նա չարեց այն, ինչ խոստացել էր հայ համայնքին։
Այժմ մենք կոնգրեսում կենտրոնացել ենք այլ հարցի վրա՝ Ադրբեջանն ուժ է կիրառում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Մենք պետք է վերջապես իմանանք, թե ինչի համար է ծախսվում այն գումարը, որ տրամադրվում է Ադրբեջանին:
Նենսի Փելոսին շնորհակալություն հայտնեց Ադամ Շիֆին՝ այս հարցով հետևողականորեն զբաղվելու համար։ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆ իր հերթին արձանագրեց՝ հայությանը սպառնացող վտանգը չի վերացել:
Ֆրեզնոյից Ջիմ Կոստան ասաց, որ իր քաղաքի համալսարանը միակ ամերիկյան բուհն է, որտեղ ցեղասպանության հուշարձան կա: Էրիկ Սուալվելը դա որպես մարտահրավեր ընդունեց։
Էրիկ Սուալվել (ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Կալիֆորնիա) - «Ջիմ Կոստան ասաց, որ իր ընտրատեղամասում է միակ ամերիկյան համալսարանը, որտեղ հայկական հուշարձան կա։ Ես ուրախ եմ, բայց դա նաև ընդունեցի որպես մարտահրավեր: Պիտի աշխատեմ, որպեսզի իմ ընտրատեղամասում էլ ունենանք համալսարան, որտեղ նույն կերպ կհարգեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։
Պետքարտուղարության և Պենտագոնի նախկին աշխատակից Մայք Ռուբինը քննադատեց պաշտոնական Վաշինգտոնի գործողությունները։ Նրա կարծիքով՝ ամերիկյան ռազմական գերաստեսչությունները պետք է նախազգուշացնեին սպասվող պատերազմի մասին, պետքարտուղարությունը պետք է ավելի հստակ գործի։
Մայքլ Ռուբին («American Enterprise Institute»-ի ավագ փորձագետ) - Եթե Հայաստանից ամերիկյան դեսպանը չի կարողանում հասնել Լաչինի միջանցք և արձանագրել թե ի՞նչ է այնտեղ կատարվում, ապա ի՞նչն է խանգարում Բաքվում ամերիկյան դեսպանին այցելել Բերձոր և հետևել իրավիճակին։ Ցեղասպանություններ տեղի չեն ունենում վառ միացած լույսերի պայմաններում։
Ամփոփիչ խոսքում սենատոր Ալեքս Քադիան ասաց՝ մոտ օրերս Սենատում կառաջադրվի Ադրբեջանին դատապարտող եւս մի օրինագիծ։