ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
Անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է սա՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ուղերձում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վաղ առավոտյան վարչապետը, հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և երկրի բարձրագույն ղեկավարությունը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Ոգեկոչելով 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության զոհերի հիշատակը՝ այսօր մենք գլուխ ենք խոնարհում նրանց առաջ, հարգանքի, հիշատակի և խոկումի երթ իրականացնելով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ասել է երկրի ղեկավարն ու հարց բարձրացրել՝ իսկ ի՞նչ են մտածում դեպի հուշահամալիր, հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած, քայլող երիտասարդ ծնողները կամ կյանքի ավելի մեծ փորձառություն ունեցող տատիկներն ու պապիկները:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Նրանք, թերևս, խորհում են երկու հարցի շուրջ. ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ, և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար: Հայոց ցեղասպանության պատճառների մասին հարյուրավոր ու հազարավոր աշխատություններ են գրվել, ի հայտ են բերվել բազմաթիվ պատճառներ և շարժառիթներ: Ինչ վերաբերում է նման ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը, դա մեծապես կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելությունն ու անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ ու օրինապահությամբ: Վարչապետը տվել է նաև «տարածաշրջան» հասկացության մեկնաբանությունը:
Նիկոլ Փաշինյան - Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունե՞նք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջն առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով: Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն:
ՀԱՅԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԵՆԱՑ-ՄԱՀՈՒ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼ. ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ
Մեծ եղեռնի նահատակների հիշատակը ոգեկոչել են նաև Արցախում: Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդարանի, կառավարության անդամներն ու բազմաթիվ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում 2015-ին կանգնեցված զանգակատուն-հուշակոթողի մոտ: Արայիկ Հարությունյանն ուղերձում նշել է՝ այսօր Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: 134 օր շարունակվող շրջափակման մեջ պահելով Արցախի 120 հազար խաղաղ բնակչությանը, տասնյակ հազարավոր երեխաների ու ծերերի, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, անտեսելով միջազգային հանրության հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին: Սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական՝ Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին:
ԱՊՐԵՆՔ ՈՒ ԱՊՐԵՑՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ. ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Ապրենք ու ապրեցնենք մեր երկիրը. Ազգային ժողովի նախագահի ուղերձն է: Սիմոնյանը հիշեցրել է, որ 108 տարի առաջ, երբ հայաթափման ոճիրը հասավ իր գագաթնակետին, ու լռեց արևմտահայ մտավորականության ձայնը, երկրագնդի անտարբերությունը ճեղքեցին հայտնի մարդասերները:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Այսօր էլ մեր երկրին պատուհասած վտանգի ու հայաթափման քաղաքականության ականատեսն ենք, երբ դաժանաբար փորձում են ջնջել հայկական հետքը, վերացնել մեր մշակույթը: Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ: Աշխարհը միակամորեն պետք է մերժի ու բացառի ցեղասպանությունների կրկնությունը՝ հանուն զարգացման ու առաջընթացի, հանուն նոր աշխարհի նոր քաղաքացու:
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ՝ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
1.5 միլիոն հայորդիները իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը մեր հայրենիքին ու հավատքին՝ կենդանի պահելով հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ: Հայոց ցեղասպանության զոհերի 108-րդ տարելիցի ուղերձում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Գարեգին Երկրորդի բնորոշմամբ, խորհրդանշում է այդ վերածնունդը, որն իրականություն դարձավ հայրենիքի մի փոքր հատվածում անկախ պետականության վերակերտումով:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ (Ամենայն Հայոց Կաթողիկոս) - Այսօր Հայաստանում ու Արցախում և ի սփյուռս աշխարհի, ազգովի համախմբված եկեղեցիներում, հուշակոթողների առջև, աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի միաբան ու աննկուն կամքով կարողանանք դիմագրավել արհավիրքներին ու սպառնալիքներին, պայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել մեր ժողովրդի կյանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը:
ԱՅՍՕՐ ԷԼ ՇՈՇԱՓԵԼԻ Է ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ. ՀՀ ԱԳՆ
1915-ին հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը, որը տեղի ունեցավ նրա ազգային պատկանելության պատճառով, պետական մակարդակով ճանաչել է շուրջ երեք տասնյակ երկիր, մի շարք միջազգային կառույցներ ընդունել են բանաձևեր ու հռչակագրեր. Արտաքին գործերի նախարարությունից շեշտում են՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը միտված է աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։
Ցավոք, այսօր էլ, ինչպես և մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը։ Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում:
ԱԳՆ-ն այսօր էլ վերահաստատել է մեր երկրի հանձնառությունը նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։