Լոս Անջելեսի դպրոցների կրթական շրջանն առաջին անգամ ապրիլի 24-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր։ Փակ է մոտ կես միլիոն աշակերտ ունեցող շուրջ հազար դպրոց։ Այս կրթական շրջանը Միացյալ Նահանգներում իր մասշտաբով մեծությամբ երկրորդն է Նյու Յորքից հետո։
Քելլի Գոնեզ (Լոս Անջելեսի դպրոցների կրթական շրջանի խորհրդի անդամ) - Մեր կրթական շրջանում ամերիկահայերը շատ են, սակայն մեր աշակերտների մեծամասնությունը լատինո է։ Ուստի այս քայլը կարևոր եմ համարում ոչ հայ բնակչությանը պատմությանն իրազեկելու տեսակետից։ Մենք, Հայ դատի հանձնախմբի հետ գործակցությամբ, ռեսուրսներ ենք տրամադրում մեր բոլոր ուսուցիչներին՝ դասավանդելու Հայոց ցեղասպանության, հայոց պատմության ու մշակույթի մասին։
Ապրիլի 24-ը ոչ աշխատանքային դարձնել առաջարկել են հայ ծնողները։ Նրանց ընդառաջել և առաջարկը Լոս Անջելեսի դպրոցների կրթաշրջանին է ներկայացրել խորհրդի անդամ Քելի Գոնեզը։ Թուրքական համայնքը, սակայն, փորձել է խոչընդոտել այս նախաձեռնությունը։
Քելլի Գոնեզ - Լոս Անջելեսի թուրքական համայնքի կողմից շատ մեծ դիմադրություն եղավ։ Նրանք պայքարում էին, որ ապրիլի 24-ը մնա սովորական օր, չնշվի, չհիշվի Ցեղասպանության մասին։ Բայց իմ դիրքորոշումը հստակ է՝ մենք պետք է ազնիվ և արդար լինենք պատմության հարցում։ Այլապես մենք մեզ չենք կարող համարել հանրային կրթության հաստատություն։ Մենք չընկրկեցինք և այժմ էլ շարունակում ենք մեր գործը։
Թուրքական համայնքը փորձել է կրթաշրջանի անդամներին հյուրասիրությամբ, կաշառելով հասնել որոշման չեղարկման։ Հայ համայնքն ի պատասխան գրքեր և պատմական նյութեր է տրամադրել խորհրդի անդամներին։ Մեծ է եղել նաև հայ ծնողների ճնշումը, որոնք փաստարկել են, որ աշակերտներն այդ օրը դպրոցի փոխարեն պետք է համայնքային միջոցառումների մասնակցեն։
Ալիս Պետրոսյան (Հայ դատի հանձնախմբի կրթական կոմիտեի նախագահ) - Թվով երևի լինենք 4 տոկոս, դա մեծ չէ, բայց կարևորը, որ հայության ձայնն ուժեղ է։ Եթե հասկանայիք, թե ինչ դժվարություններով ստացվեց, որ կես միլիոն աշակերտություն մեր ապրիլի 24-ը հիշեն ու այդ օրը դպրոց չլինեն։ Բայց շատ գործ ունենք անելու։ Լոս Անջելեսի հազար դպրոցի 500 հազար աշակերտներին դեռ պետք է իրազեկենք, ուսուցանենք մեր պատմությունն ու մշակույթը, ասում են համայնքային գործիչները։ Գործը շատ է հատկապես ոչ հայաշատ քաղաքներում։
Լյուսի Մարտիրոսյան (Մաունթ Գլիսոն միջնակարգ դպրոցի փոխտնօրեն) - Բոլորին հետաքրքրում է՝ որն է դպրոցների փակվելու պատճառը, և նրանք ցանկանում են ավելի լավ պատկերացում իմանալ պատմությունը։
Ապրիլի 24-ին ընդառաջ Լոս Անջելեսի կրթական շրջանի դպրոցներում կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, դասախոսություններ՝ նվիրված հայ համայնքին և հայոց պատմությանը։