Տառապանք, վիշտ, ցավ, բողոք: Գեղանկարիչ Սուսաննա Գալստյանը «1915» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված կտավների միջոցով փորձել է ցույց տալ Ցեղասպանությունը վերապրածների և զոհերի ապրումները: Հերոսները տանջված են, կիսամերկ, գաղթի ճանապարհին՝ առանց հույսի: Հեղինակի խոսքով՝ Ցեղասպանությունից այսքան տարիներ անց մարդկանց հիշողությունից ջնջվում է կատարվածը: Իր ստեղծագործությունների նպատակն է այնպես անել, որ երբեք չմոռացվի տեղի ունեցածը:
Սուսաննա Գալստյան (գեղանկարիչ) - Իմ ուղերձն այն է, որ մենք պետք է վառ պահենք մեր հիշողությունը ու կարողանանք ներկայացնել էն, ինչ եղել է: Սա էլ իմ ձևն է խոսք ասելու ու պահանջատեր լինելու, որովհետև արվեստը լայն հնարավորություններ է ստեղծում նման թեմաներին մի ուրիշ դիտանկյունից նայելու:
«1915»-ը Սուսաննա Գալստյանի առաջին անհատական ցուցահանդեսն է: Հեղինակը ինքն էլ իր նկարներում զգում է Հայոց ցեղասպանությանը բազմիցս անդրադարձած Ժանսեմի կտավների ազդեցությունը: Ներկայացված 40 կտավները մինչև վեց տարվա պատմություն ունեն: Աշխատանքների մի մասը գրաֆիկական է, մյուսները՝ կտավ ու յուղաներկ: Հեղինակի խոսքով՝ նախ մանրամասն ուսումնասիրել է թեման, վավերագրել նյութը, հետո նոր միայն համարձակվել հանրությանը ներկայացնել վավերագրությունը՝ գեղարվեստական մեկնաբանությամբ:
Սուսաննա Գալստյան - Զգացողությունների առումով բարդ է, բայց երբ տեսնում ենք տեխնիկան, հասկանում ենք, որ դրանք փոխկապակցված են: Թե վրձնահարվածները հանգիստ չեն, այդտեղ լիքը բողոք կա, գունային ընտրությունները, ամեն ինչ փոխկապակցված է, ու հենց դրա արդյունքում է ստեղծվում այն, ինչը ստեղծվում է: Բայց պրոցեսը հեշտ չի տրվում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 28-ը: «Փյունիկ» ցուցասրահ այցելուների մուտքն ազատ է:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան