Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ուղերձը է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ.
«20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում են Ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից փրկվածների, մեկ այլ մասն էլ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող Փոքրասիական աղետի հետևանքով: Երկիր, ուր հայերը գտան ապահով ապաստան ոչ միայն ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև փրկություն՝ ինքնության, մշակույթի և դավանանքի դեմ ուղղված ցեղասպան գործողություններից: Անուրանալի երախտիքն այս, ինչպես նաև մեր ճակատագրի ծանր մյուս դրվագներում զորակցության և սատարումի առթիվ, հայ-հունական ամուր բարեկամության հիմքում են:
Աղետի օրերին հայերիս մեկնած օգնության ձեռքն էր, որ դարձավ փրկօղակ՝ հնարավոր դարձնելով ազգային վերածնունդը՝ ըստ էության ձախողելով Ցեղասպանությունը ծրագրողների և իրագործողների նպատակադրումը:
Չնայած դրան, Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մեր հավաքական ինքնագիտակցության չսպիացող վերքը մնալ նախ այն պատճառով, որ չի արժանացել արդարացի գնահատականի և զղջումի, բայց նաև այն պատճառով, որ շարունակում է հայերիս և մարդկության դեմ նորանոր հանցանքների հիմք հանդիսանալ: Ամեն տարի մենք նշում ենք այս խնդրի մասին։ Իրականում ժխտողականության շարունակությունը էլ ավելի է մեծացնում մեր ցավը։ Ավելին, մեր օրերում Թուրքիայում և Ադրբեջանում ականատեսն ենք լինում Ցեղասպանությունը գործած հանցագործների մեծարման և հերոսացման, ինչը, ցավոք, ողբերգությունից շուրջ մեկ դար և մեկ տասնամյակ անց ահազանգ է, որ այսօր էլ հայը վտանգված է իր բնօրրանում: Ժխտողականության շարունակությունը մեծացնում է ցեղասպանության կրկնության հավանականությունը։ Ժխտողականությունը ուղիղ կապ ունի անպատժելիության հետ։
Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը, դրա արդարացման համար տարատեսակ պատրվակներ հորինելուն, ինչպես նաև գործած հանցանքները ամբողջ աշխարհի աչքերին նայելով հերքելուն, իսկ հանցագործությունը գործածներին, այսպես կոչված, «հայրենասիրության» համար հերոսացնելուն։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի շուջ 120 հազար հայեր, այդ թվում՝ 30 հազար մանուկներ, պաշարված են իրենց հայրենիքում՝ զուրկ կեցության տարրական պայմաններից: Սննդի, դեղորայքի, որակյալ բուժսպասարկման և էներգիայի սղությունը միակ զրկանքները չեն, որ այսօր կրում են Արցախի մեր հայրենակիցները: Ադրբեջանական զինված ուժերի պարբերական սադրանքները, որոնք ուղեկցվում են այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից հայատյաց հռետորաբանությամբ, ուղղված են արցախցիներին ահաբեկելու և ընկրկելու միջոցով սեփական հողից ու բնակավայրից դուրս մղելուն, հայկական հետքը Հայկական լեռնաշխարհի այդ հատվածից ջնջելուն: Ճնշումներն ուղեկցվում են նաև պարբերական բնույթ կրող ռազմական սադրանքներով, ինչպես, օրինակ՝ մարտի 5-ի իրադարձությունները, որոնց զոհ դարձան արցախցի երեք ոստիկաններ:
Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ հրազենից և տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ էին բացել բանակցելու նպատակով իրենց մոտեցած հայ զինծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվեցին չորս հայորդիներ, կան նաև վիրավորներ:
Տարածաշրջանում առկա լարվածությունը թոթափելու հայկական կողմի բոլոր փորձերը ի դերև են ելնում՝ բախվելով օրեցօր ավելի ու ավելի անկաշկանդ դարձող հայատյացության քարոզին: Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրված ագրեսիայի փաստը, անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու մտադրությունը։
Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանն ուժի և ուժի սպառնալիքի միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին։ Սակայն կա գիտակցում, որ աշխարհաքաղաքական արդի անկայունության պայմաններում զուտ միջազգային իրավունքին և միջազգային զսպող մեխանիզմներին ապավինելը ինքնապաշտպանության երաշխիք այսօր հանդիսանալ չի կարող:
Այս իմաստով թերևս տեղին է կրկին ընդգծել, որ մեր ինքնության պաշտպանության, գոյության հարատևության ապահովման միակ գրավականը մեր և մեր բարեկամների ներուժի կատարյալ համախմբումը և թիրախային ուղղորդումը միայն կարող է լինել, ինչի կարիքն այսօր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ունեն առավել քան երբևէ»: