Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը, և ամբողջ հայությունն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:
Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու կտտանքների։ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեցին և սպանվեցին հարյուրավոր արևմտահայ մտավորականներ։
Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերի առկայությանը՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Այսպիսի արարքների անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ։
Դեռևս 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին միջազգային կոնվենցիան, սակայն այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում առկա է նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների վտանգը։ Էթնիկ զտման սպառնալիքը շարունակում է արդիական մնալ նաև հայ ժողովրդի համար, ինչի ապացույցն են 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու ադրբեջանական պետության հայատյաց քաղաքականությունը։
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։ Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում»։