ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու և ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության կապակցությամբ։
Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճը, որոնց հետևանքով պարբերաբար երկու կողմում զոհեր են լինում: Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տիրույթում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։
Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, անկախ նրանից, խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությանը, թե այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերին։
Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Հիմք ենք ընդունում այն, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի, և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։
Կարծում ենք, որ առաջացած շատ խնդիրներ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղիների շուրջ բանակցային գործընթացում ամիսներ տևած պարապուրդի և առաջընթացի բացակայության հետևանքն են: Պայմանավորվածությունները ներառում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը:
Ռուսական կողմը պատրաստ է իր համար մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել անհրաժեշտ ամբողջական աջակցություն՝ ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։
Նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսատյաց տարրերին, որոնք աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգով, հրաժարվել իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանին զրպարտող արշավի միջոցով»: