Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մարդկության պատմության ամենամռայլ էջերից մեկն է: Մենք նաև հարգում ենք նրանց ժառանգներին, այդ թվում՝ հայկական ծագումով կանադացիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ձևավորելու այն հզոր, բազմազան և ներառական երկիրը, որտեղ մենք այսօր ապրում ենք:
«Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները, որոնք սարսափելի թվով մարդկանց կյանքեր խլեցին: 2015 թ.՝ այս ողբերգության սկզբից մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց մի բանաձև, որով ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այն հիշեցնում է այդ վայրագությունների պատճառած կորստի, տառապանքի ու ցավի մասին և երաշխավորում է, որ դրանք երբեք չկրկնվեն: Այս օրը նշվում է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման միամսյակում:
Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերությամբ ընդունվեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր դերը՝ երաշխավորելու, որ նման դաժանությունը երբեք չկրկնվի: Այն սկսվում է խտրականության և ատելության բոլոր դրսևորումների դեմ ելույթներով՝ երբ և որտեղ էլ դրանք տեղի ունենան:
Միասին, այս մռայլ տարելիցին, մենք հիշում ենք կորցված կյանքերի մասին, ճանաչում հայ ժողովրդի ուժն ու ոգին և հույսով նայում ենք աշխարհի մարդկանց ու երկրների միջև խաղաղությամբ, փոխադարձ հարգանքով և արժանապատվությամբ լի ապագային»,-ասված է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարության մեջ: