Արցախահայությունը էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած, ինչը պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության համար: Անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղադրմանը՝ նշել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը հայտնել է, որ փորձում է ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները բոլոր հնարավոր դերակատարների հետ քննարկումներում, բոլոր հնարավոր փաստաթղթերի նախագծման շրջանակում: Մանասյանը անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Տեղ համայնքում ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով խախտված են Տեղի բնակչության հիմնարար իրավունքները:
Անահիտ Մանասյան (ՀՀ ՄԻՊ) - Անկեղծ լինեմ, որ ես պարզապես հիացած եմ Տեղի բնակիչների խիզախությամբ, բայց դրա հետ մեկտեղ չեմ կարող չնշել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից այն խնդիրները, որոնք այս պահին առկա են: Մասնավորապես, շատ լուրջ խնդիրներ են առկա մեր քաղաքացիների կյանքի և անվտանգության իրավունքի, սեփականության իրավունքի, կրթության իրավունքի, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության իրավունքի և մի շարք այլ իրավունքների տեսանկյունից: Այս առումով պետք է շատ համակարգված և գրագետ քաղաքականություն վարել: Ես միջազգային գործընկերների հետ իմ բոլոր հանդիպումների ժամանակ այս բոլոր խնդիրների մասին բարձրաձայնում եմ: Նաև պետական մարմինների համար փաստաթղթեր են նախապատրաստվում, որպեսզի մենք բոլորս համատեղ կարողանանք այս խնդիրներին լուծումներ գտնել: Միջազգային հանրությունը պետք է սկսի այս իրավունքների պաշտպանությանը հստակ գնահատական տալ: Այս տեսանկյունից ես՝ որպես ՄԻՊ, բավականին ակտիվ գործունեություն եմ սկսել, որովհետև բոլոր միջազգային գործընկերների հետ իմ հանդիպումները ոչ թե սկսվում են պարզապես ինչ-որ արձանագրումներ անելով, այլ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հստակորեն ցույց տալով և նրանց հետ խնդիրների լուծման հնարավոր ուղիներ փնտրելով:
Հեղինակ՝ Անի Օհանյան