Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներն ավանդաբար մեկնարկում են Մոնթեբելո քաղաքում։ 1968-ին այստեղ է կանգնեցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Միացյալ Նահանգներում ամենամեծ հուշահալիրը։ 108-րդ տարելիցին նույնպես այստեղ էին հավաքվել հայ համայնքի քաղաքական, հասարակական ու կրոնական կառույցները, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաները։
Հատկապես այս օրերին, երբ Արցախի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան շարունակվում է, ոգեկոչման միջոցառումները նոր իմաստ են ստանում, ասում են քաղաքական գործիչները։
Ջուդի Չու (ԱՄՆ կոնգրեսական) - Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է խոսել Հայոց ցեղասպանության ու դրա հետևանքների մասին, քանի որ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողություններ։ Փաստը, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, ու Արցախի ժողովուրդը չի կարող սնունդ և դեղամիջոցներ ստանալ, սարսափելի է։ Մենք Կոնգրեսում անում ենք՝ ինչ կարող ենք՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանման և ֆինանսական աջակցությունը դադարեցնելու համար։
Կոնգրեսականները նշեցին, որ պատրաստվում են նոր բանաձև ներկայացնել Արցախի անկախությունը ճանաչելու և ինքնորոշման իրավունքը իրացնելու համար։
Ադամ Շիֆ (ԱՄՆ կոնգրեսական) - Այսօր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին կարևոր է ահազանգ հնչեցնել։ Երբեք այսքան մտահոգված չեմ եղել նոր էսկալացիայի հավանականությամբ. Բաքուն շարունակում է բռնություն հրահրել սահմանի երկայնքով։ Արցախի շրջափակումը, հնարավոր է՝ պոտենցիալ նոր բռնությունների և Ադրբեջանի կողմից ավելի զանգվածային ռազմական ներխուժման սկիզբը դառնա։ Մենք պետք է դադարեցնենք ֆինանսավորումը Բաքվին, պետք է պատժամիջոցներ կիրառենք, դատապարտենք պատերազմական հանցագործությունները։ Այնպես որ, այս տարի Ցեղասպանության ոգեկոչումն ունի առավել մեծ նշանակություն, քանի որ ռիսկ կա, որ ցեղասպանությունը կշարունակվի այսօր։
Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանը առաջիկա օրերին նախատեսում է բանաձև ընդունել ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտման թեմայով, այլև Արցախի շրջափակումը և ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու պահանջով։
Էնթոնի Փորթանթինո (Կալիֆոռնիայի նահանգային սենատոր) - Կարող ենք կարծել, թե 108 տարի անց մարդիկ հասկացել են ամեն ինչ, սակայն հենց անցյալ շաբաթ Սակրամենտոյում թուրք հյուպատոսը նամակներ էր ուղարկում՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը։
Խաղաղ մարդկանց վրա հարձակվելը, սպանելը, շրջափակելն ու մարդասիրական ճգնաժամ ստեղծելը լավ հարևանություն չէ։ Խոսքը մարդկանց կյանքի մասին է։ Այժմ, ավելի քան երբևէ, կարևոր է կանգնել Արցախի կողքին ու խոսել այս մասին ու Վաշինգտոնին կոչ անել դադարեցնել ֆինանսական օգնությունն Ադրբեջանին։
Մայք Ֆյուեր (ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու) - Ես հրեական համայնքից եմ։ Մենք էլ գիտենք՝ ինչ է նշանակում լինել ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ։ Մենք ոչ միայն միասին պետք է ոգեկոչենք զոհերի հիշատակը, այլև ավելին անենք, առավել ուժեղանանք, այն, ինչ ես այսօր մաղթում եմ Արցախի ժողովրդին։
Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները կշարունակվեն մի քանի օր։ Նախատեսվում են նաև բողոքի ակցիաներ Ադրբեջանի և Թուրքիայի հյուպատոսությունների առջև: