ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ուղերձում ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը Մեծ Եղեռնի հանդեպ:
«Այսօր մենք լռության րոպեով հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատում այն երբեք չմոռանալու մեր խոստումը:
1915 թ. ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և հասարակական առաջնորդներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան երթի՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա։
Միանալով աշխարհի ժողովուրդներին՝ հիշելու այս ցավալի պատմությունը, մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանն ու վճռականությանը:
Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով դիմակայեց ատելության չարիքին։ Նրանք վերականգնեցին իրենց համայնքները, ստեղծեցին ընտանիքներ, պահպանեցին իրենց մշակույթը, հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշեցնելու և երաշխավորելու համար, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի:
Այսօր եկեք վերականգնենք այդ խոստումը։ Եկեք կրկին հանձնառու լինենք բարձրաձայնել ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եկեք միասին կրկնապատկենք մեր ջանքերը՝ կառուցելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատիվ, անվտանգ և հարգանքով»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում: