Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի կապակցությամբ:
«Ցանկացած հասարակության մեջ խղճի և արդարության զգացումներ զարգացնելը, ցավերը փոխադարձաբար կիսելը՝ միասին ժողովրդավարական, խաղաղ և հավասար ապագա հաստատելու ճանապարհն է։ Պատմական ճշմարտություններին առերեսվելը, տուժող ժողովուրդներից ու հավատքներից ներողություն խնդրելը և արդարության վերականգնմանը դիմելը, միմյանց հասկանալն ու պատմական վերքերը բուժելու անկեղծ մոտեցումներն անհրաժեշտ քայլեր են ընդհանուր ապագայի համար։
108 տարի է անցել Մեծ եղեռնից՝ էթնիկ ինքնության և հավատքի կոտորածից, որը սկսվել է 1915 թ․ ապրիլի 24-ին, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականների տներից հանեցին և ուղարկեցին մահվան։ Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու սպանությունով։ Տարածաշրջանի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես դարձան այս քաղաքականության և գործելակերպի թիրախը:
Այդ օրվանից մինչև օրս պահպանվել ու շարունակվում է տարբերությունները ջնջելու և միատարր հասարակություն ստեղծելու, մեկ ռասայի, մեկ կրոնի, մեկ լեզվի ըմբռնումն իշխող դարձնելու, այս հողերում տարբեր ժողովուրդների ու հավատքների ապրած լինելը մոռացության տալու գիծը։ Այն փաստը, որ այս տարածաշրջանում ոչ մի էթնիկ ինքնություն, լեզու, մշակույթ կամ հավատք վեր չեն մյուսներից, դեռևս ճանաչված չէ սոցիալական և քաղաքական առումով:
Մարդկության դեմ հանցագործություններին դիմակայելը կարևոր քայլ է ընդհանուր և հավասար ապագա ու սոցիալական խաղաղություն հաստատելու ճանապարհին: Մեր աշխարհագրությունն անպտուղ դարձնող խայտառակության հետ առերեսվելու հետաձգումը չի ծառայում սոցիալական խաղաղությանը և ճշմարտությանը:
Չափազանց կարևոր է խաղաղ ապրել հայ ժողովրդի՝ այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի և այս հողերում մեր հայ հայրենակիցների հետ: Միաժամանակ, ժողովուրդների շահերից և կարիքներից է բխում դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը մեր տարածաշրջանի մաս կազմող Հայաստան պետության հետ։
Այս զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի և Միջագետքի հնագույն ժողովուրդներ, կիսում ենք 108 տարվա տառապանքը, մեր սրտի խորքերում զգում ենք Մեծ եղեռնը, այդ մարդկային ողբերգությունը և ևս մեկ անգամ տխրությամբ ու հարգանքով ոգեկոչում ենք այդ գործընթացում իրենց կյանքը կորցրածների հիշատակը»,- նշված է հայտարարության մեջ։