Երևանում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին՝ 9-րդ օրը, Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Առաջինը մրցահարթակ է դուրս եկել կանանց 87+ կգ քաշային կարգում հանդես եկող Ջուլիետա Ավանեսյանը: Նա երկամարտի 211 կգ արդյունքով (95+116 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը:
Պոկում վարժությունում Ավանեսյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով 95 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում ցույց է տվել 116 կգ արդյունք:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմպբելը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Հատկանշական է, որ պոկում վարժությունում նա 4-րդ արդյունքն է ցույց տվել՝ հաջող կատարելով միայն մեկ մոտեցում և գլխավերևում պահելով 110 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում արդեն նա փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ 143 կգ արդյունքով:
Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդը՝ երկամարտի 252 կգ արդյունքով (117+135 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ուկրաինուհի Վալենտինա Կիսիլը՝ երկամարտում ցույց տալով 244 կգ արդյունք (111+133 կգ):
Ժամը 16:00-ից մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը: