Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը թեև գործարկվեց 2022 թվականին, բայց տարբեր գերատեսչությունների հետ աշխատանքում բազմաթիվ խնդիրներ ի հայտ եկան, արձանագրում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, նախաձեռնում կարգում փոխել, ավելացնել նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ հայտնված երեխաների բացահայտման պահանջը:
Արսեն Բաղդասարյան (ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Հիմա հասկացությունները փոխվեցին, և կրթությունից դուրս մնացած անձ է համարվում այն անձը, ով հաշվառված է ՀՀ-ում, գրանցված է, և սեպտեմբերի 1-ին որևէ ուսումնական հաստատությունում էլեկտրոնային համակարգով չի հաշվառվել: Իսկ կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ հայտնվում են այն երեխաները, որոնք որոշակի շրջանում ունեն բացակայություններ, և ինչու նրանք ավտոմատ չեն համարվում կրթությունից դուրս մնացած, որովհետև նախ պետք է հասկանալ, թե ինչով է պայմանավորված բացակայությունը:
ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնը տարեկան 200 դպրոցական է ընդունում, որոնց մեծ մասն այս կամ այն պատճառով պարտադիր կրթություն կա՛մ ընդհանրապես չեն ստացել, կա՛մ էլ կիսատ են թողել: Ըստ հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանի՝ պատճառները տարբեր են՝ աշխատանք, բնակավայրի փոփոխություն, դպրոցում վատ վերաբերմունք, ցուցակն ամբողջական չէ:
Միրա Անտոնյան (ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն) - Ցավալիորեն մենք ունենք կրթությունից դուրս մնացող երեխաներ և՛ հեռավոր գյուղերում, և միջին քաղաքներում, և խոշոր քաղաքներում: Սա ավելի շատ ընտանեկան մշակույթի և դպրոցի բացության ցուցանիշ է, դպրոցի ճկունության, բարյացակամության, որովհետև որքան շատ է դպրոցն ասում՝ ես այստեղ եմ, ես գիտելիք տվող եմ, բարի եղիր՝ դաստիարակված, խելոք երեխա ուղարկիր ինձ, երբ որ ինքն էդ դիրքում է, ուրեմն՝ շատ են լինելու դպրոցից դուրս մնացող երեխաները:
Միրա Անտոնյանի խոսքով՝ լինում են նաև իրավիճակներ, երբ ծնողները չեն կարևորում կրթությունը: Որ խնդիրը լուծվի, մասնագետն ասում է՝ պետք է համակարգային մոտեցում որդեգրել, որ ընտանիքի հետ տարբեր ինստիտուտներ աշխատեն: Զարմանում է՝ դպրոցն ինչո՞ւ է մերժում սոցիալական աշխատողներին և ընդունում միայն սոցիալական մանկավարժներին, քանի որ միջազգային փորձը հակառակն է ապացուցում:
Միրա Անտոնյան - Դպրոցը, որպես ինստիտուտ, կարծում եմ՝ պիտի վերադիրքավորվի դեպի ընտանիքը, և կամուրջ պիտի ստեղծի ընտանիքի հետ, որովհետև շատ բան է փոխվել մեր կյանքում, և ընտանիքն է փոխվել, և երեխան, և դպրոցը, բայց ճանապարհը, եթե ուզում ենք, որ դպրոցից դուրս մնացող երեխաներ չլինեն, կամուրջները վերականգնելն է և էդ կամուրջներն ընտանիքի հետ, այլ կառույցների հետ, լավագույն ճանապարհը սոցիալական աշխատանքը դպրոց ներմուծելն է:
Պատասխանատու գերատեսչությունն այս ուղղությամբ համակարգային փոփոխություններ է նախատեսում: ԿԳՄՍ նախարարությունն աշխատելու է նաև առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, կրթության տեսչական մարմնի հետ: Երեխայի՝ դպրոց չհաճախելու պատճառը հասկանալու, խնդիրը լուծելու համար այս կառույցները միասին են որոշելու, թե ինչպես երեխային դպրոց վերադարձնել:
Դպրոց չհաճախողների մեջ քիչ չեն նաև ազգային փոքրամասնությունների երեխաները, որոնք պարտադիր կրթության տարիքը չեն լրացնում, օրինակ՝ շուտ են ամուսնանում: «Օրենքը հավասար է բոլորի համար»,- ասում է կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը: Հստակ վիճակագրություն այս պահին չկա, թե Հայաստանում քանի երեխա է զրկված կրթություն ստանալու իրավունքից: Ոլորտը վերահսկող նախարարությունից նշում են՝ երբ գործընկեր կառույցների հետ վերլուծություններն ավարտեն, աշխատանքներն ամփոփեն, արդյունքը ավելի պարզ կլինի:
Հեղինակներ՝ Հովհաննես Վարդանյան, Աննա Զախարյան