ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են թիվ 58 համարի երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1974 թ.), VAZ-2107 (վարորդ՝ Գ. Ջ., ծնված 1995 թ.), Nissan Fuga, Kia Optima, Hyundai Sonata և Volkswagen Passat մակնիշների ավտոմեքենաները։ VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ-2107 մակնիշի ավտոմքենայի ուղևորներ Կ. Հ.-ն, Ջ. Ա.-ն և Հ. Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են VAZ-2107 մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։