Ամռան սեզոնին ընդառաջ ԱԻՆ-ում մտածում են կարուսելների շահագործման ժամկետ սահմանելու մասին: Ձևակերպումը հիմա էլ կա, բայց ենթադրում է, որ ամեն օբյեկտ իր տեխնիկական անձնագրում պետք է ֆիքսված թիվ ունենա՝ քանի տարի կարող է աշխատել ու երբ է ենթակա խոտանման՝ բացատրում է տեխինկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավարը, նկատում՝ վերջին ուսումնասիրությունը, սակայն, ցույց տվեց՝ այդ տվայլները բացակայում են բոլորի մոտ:
Վարդան Գևորգյան (ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - չհայտնաբերեցինք մեկ անձնագիր, որում նշված լիներ շահագործման ժամկետը: Ունենալու համար պետք է արտադրող երկրից պահանջենք. հիմա մենք իրավասու ենք, իրավասու չենք՝ դա արդեն այլ հարց է:
Հանրապետությունում գործող 197 կարուսելների մեծ մասը, ի դեպ, թարմությամբ չի փայլում: 21-22 թվականների շահագործման հանձնված ատրակցիոններ կան, բայց ընդհանուրի մեջ դրանք չեն գերազանցում 20-30 տոկոսը: 10, 15, նույնիսկ 40-50 տարվա հնության կարուսելներ ունենք: «Որքան երկար կարող է աշխատել օբյեկտը, եթե տարեկան փորձաքննությունն անգամ դրական եզրակացություն է տալիս» հարցին մասնագետն արձագանքում է՝ օրենքի մակարդակում նման կարգավորումներ տալու համար պիտի հիմքեր ստեղծվեն:
Վարդան Գևորգյան - Այսինքն՝ երկաթի հոգնածությունը, մաշվածությունը, էդ ամեն ինչը հիմա անում ենք էսօր, դա կա, բայց ոնց ա որ գազելները երևան քաղաքում որոշեցին, որ 15 տարուց ավելի պիտանի չեն: Դրա համար ինչ-որ օրենսդրական փոփոխություն արեցին, չէ՞, հիմա ես էդ եմ ասում. չունենք ոչ մի ելակետային տվյալ, ուզում ենք գնանք դրան:
Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ ստեղծված խումբն արդեն աշխատանքի է անցել, հավաքել են տվյալները: Անելիքը շատ է, քննարկումերը՝ բազմաշերտ: Մասնագետը նկատում է՝ շահագործման ժամկետ սահմանելու հարցում պետք է մանրուքներն էլ հաշվի առնել, Երևանում ու մարզերում գործող կարուսելը նույն չափանիշներով դժվար է համեմատել:
Վարդան Գևորգյան - Որպեսզի սահմանենք ժամկետ, պիտի տանք շահագործման ժամկետ: Հիմա՝ սենց ասեմ ձեզ. հաղթանակի զբոսայգում էդ կարուսելը աշխատում է ամեն օր, Սյունիքի մարզի Կապան քաղաքում աշխատում է միայն տոն օրերին. շահագործման ժամկետ ասվածը շատ բարդ ա լինելու:
Կարուսելների ու զվարճանքի այլ օբյեկտների համար նախատեսված տեխնիկական անվտանգության պահանջները հիմա նորից թարմացվում են՝ համապատասխանեցվում ԵԱՏՄ կանոնակարգերին: Գևորգյանն ասում է՝ Կառավարության 2009-ի որոշումը շուտով ավարտվելու է, ու եթե նորը չհաստատվի, փորձաքննություններ անել, վերահսկողություն իրականացնել չեն կարող: Հիմնական չափորոշիչներն, ըստ նրա, սակայն, չեն փոխվելու: Կենտրոնի տնօրենը վստահեցնում է՝ եղած նորմերն արդյունավետ են, տարիներով փորձարկված: Ասում է՝ զուգահեռ ուսումնասիրում են նաև հին կարուսելների վրա լրացուցիչ ամրագոտի ունենալու պահանջի հնարավորությունը, որ բարձր ադրենալինի սիրահարները վստահ լինեն՝ այն առավել անվտանգ է:
Վարդան Գևորգյան - Մի հատ կապվում է, ֆիքսվում է նստատեղին, մի հատ էլ արդեն լրացուցիչ ա գալիս, քաղաքացին բոլոր գործողությունների ժամանակ անվտանգ նստած մնա իր տեղում, հիմա:
Շահագործման թույլատրելի տարիք ֆիքսելու հարցում թե ինչ որոշում կկայացվի՝ Գևորգյանը դեռ հստակ պատասխան չի տալիս, նշում է՝ այս հարցը պետք է քննարկեն սեփականատերերի հետ էլ, նրանք դեռ ընդգրկված չեն գործընթացում: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավարի խոսքով՝ հաշվի են առնելու մինչև օրս կատարված ներդրումները, բայց կշեռքի ծանր նժարին քաղաքացու անվտանգությունն է լինելու: