Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիր քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունը: Մարզի համայնքներում վերջին չորս տարում 8,5 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրերով նորոգվել են փողոցներ, անցկացվել կոմունիկացիաներ, բարեկարգվել մանկապարտեզներ ու այգիներ: Իսկ միայն այս տարվա բյուջեն 9,5 մլրդ է:
Արմավիրի մարզում հիմնվել է 855 հեկտար ինտենսիվ այգի. մարզում այժմ առկա է 2169-ը. վարչապետին է ներկայացվել Արմավիրի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունը:
Զեկուցվել է, որ 96.900 հա գյուղնշանակության հողատարածքներից մշակվել է 43.850 հա, որից 58 տոկոսը՝ վարելահողեր, 26 տոկոսը՝ պտղատու այգիներ, 16 տոկոսը՝ խաղողի այգիներ: Հիմնվել է 1632 հա տնկարք:
Մարզում ավարտվել է 112 շինաշխատանք:
Վարչապետին զեկուցվել է, որ մարզի 111 դպրոցից 25-ը գտնվում են լավ վիճակում, 55-ը՝ միջին, 31-ը՝ վատ:
80 դպրոցում իրականացվել է նորոգման և ներքին հարդարման աշխատանք, 10 դպրոցում ճաշարաններն են նորոգվել, 15 դպրոցի համար էլ ձեռք է բերվել գույք:
Մարզում կա ուսուցչի 229 թափուր հաստիք: Արմավիրում գործում է 65 մանկապարտեզ, որոնք ունեն 5043 սան և 53 նախակրթարան՝ 1217 սան: 2023-ի սեպտեմբերին նախատեսվում է ևս 9 նախակրթարանի բացում:
Վարչապետին զեկուցվել է նաև մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: 2018-2022 թթ. ընթացքում հաստատվել է 229 հայտ, որից իրականացվել է 209-ը, գումարը կազմել է մոտ 8 մլրդ դրամ: Այս տարի մարզը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի 36 հայտ՝ 160 ենթածրագրով, որից դեռևս 22-ն է հաստատվել: Այս ծրագրերի շրջանակում այժմ մարզում կառուցվում է 6 մանկապարտեզ, հիմնանորոգվում՝ 27-ը, վերանորոգվում՝ 10-ը: Կառուցման ծրագրում կընդգրկվի ևս 10 դպրոց: Նախորդ տարի 3 դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվել են, ներկայում ընթացքի մեջ է երկուսի շինաշխատանքը:
Արմավիր քաղաքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից առաջիկայում նախատեսվում է կառուցել Սմարթ կենտրոն, ներդրվելու է 8,2 մլն դոլար: Մարզում ընթացքի մեջ են մասնավորի կողմից բնակարանաշինության ծրագրեր, նախատեսվում է կառուցել 4762 բնակարան՝ 300 մլն դոլարից ավելի ներդրմամբ:
Մարզում համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102 տոկոս: 2021-ի համեմատ, համայնքների սեփական եկամուտներն աճել են 654 մլն դրամով:
Վարչապետը կարևորել է մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման աշխատանքների իրականացումը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը, ինտենսիվ այգիների հիմնումը: Վարչապետը հանձնարարել է գույքագրել պետական նշանակության խոշոր հողատարածքները և հետևողական աշխատանք տանել ներդրողների ներգրավման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև մարզում մթերային արտադրանքի ստանդարտը փոխելու և արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությանը:
Վարչապետը այնուհետև շրջայց է կատարել, ծանոթացել Արմավիր քաղաքի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կապիտալ նորոգումը, որ նախատեսեք, էս պետք ա կանաչ տարածքով, բանով, էլի: Ցանկացած բան, երբ որ անում ենք, դա հո մենակ շենք չի, իրա մուտքերի ճանապարհից, դարպասից, ցանկապատից սկսած պետք ա լրիվ նորոգումը ամբողջական, ոչ թե կտոր-կտոր, մանավանդ էս տարի չգիտեմ՝ նախատեսված ա, թե չէ, բայց սրա համար ամբողջ միջավայրի խնդիրը լուծեք:
Շենքը պետք է շահագործման հանձնվի օգոստոսի 18-ին է: Գույքը կտրամադրի Առողջապահության նախարարությունը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան