ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Քոջասինան շրջանում գտնվող «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակի վրա անհայտ անձը կրակ է բացել շենքի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նմանատիպ դեպք է գրանցվել նաև Ստամբուլի Կուլելի շրջանում: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կասկածյալներին:
Վերջին մեկ ամսվա ընթացքում «Արդարություն և զարգացում» կուսակցության վրա հարձակման ևս մեկ միջադեպ է գրանցվել: Երեկ Ադանայում անհայտ անձը կրակ էր բացել կուսակցության գրասենյակի վրա: Տղամարդը պոմպային հրացանից 12 կրակոց էր արձակել շենքի ուղղությամբ: Ավելի վաղ Ստամբուլում էլ թիրախավորվել էին Ժողովրդահանրապետական և «Լավ» կուսակցությունների գրասենյակները: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ միջադեպերը կապված են մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ:
ՊՏՏԱՀՈՂՄ ԵՎ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիան պայքարում է բնական աղետների դեմ: Ադանա քաղաքի փողոցները հորդառատ անձրևների պատճառով անցել են ջրի տակ։ Սոցցանցերում տարածվող տեսանյութերում երևում է՝ ինչպես են ջրի հոսքերը վնասում ավտոմեքենաները և քշում մարդկանց:
Երեկ էլ թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Քահրամանմարաշում, որն ամենաշատն էր տուժել 2 ամիս առաջ տեղի ունեցած երկրաշարժից, հզոր փոթորիկ է եղել: Պտտահողմի և հորդառատ անձրևների հետևանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։ Ուժեղ քամին նաև քանդել էր 100-ից ավելի վրան, որոնցում ապաստանել էին երկրաշարժից տուժածները:
ՍՈՒԴԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԵՌՕՐՅԱ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀՐԱԴԱԴԱՐ ՊԱՀՊԱՆԵԼ
Սուդանի կանոնավոր բանակը համաձայնել է եռօրյա հումանիտար հրադադարար պահպանել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Բանակը հուսով է, որ ապստամբները նույնպես կդադարեցնեն ռազմական գործողությունները»,- նշել է Սուդանի բանակի ներկայացուցիչը։ Վերջերս կանոնավոր բանակը «ապստամբներ» է անվանում երկրի հատուկ ջոկատայիններին: Հենց այս երկու ուժերի միջև էլ ապրիլի 15-ից կատաղի փողոցային մարտեր են սկսվել Սուդանի տարբեր հատվածներում, գլխավորապես՝ մայրաքաղաք Խարթումում:
ԶԼՄ-ները գրում են, որ հրադադարի մասին հայտարարությունից հետո Խարթումում հարաբերականորեն հանգիստ է, սակայն պարբերաբար կրակոցներ և պայթյուններ են լսվում։ Սուդանի արագ արձագանքման ուժերն էլ պատրաստակամություն են հայտնել մասամբ բացել իրենց վերահսկողության տակ անցած օդանավակայանները՝ հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների տարհանման համար:
Երկրում փոխհրաձգությունների հետևանքվ կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Ավելի քան 600 մարդ է զոհվել, կան հազարավոր վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, 130-ից ավելի հիվանդանոց է ավերվել, Սուդանում դժվարությունների են բախվում նաև արտերկրից հումանիտար օգնություն ստանալու հարցում։ ՄԱԿ-ն էլ զգուշացրել է՝ եթե մարտերը շարունակվեն, սուդանցիների մեծ մասը պարենային մատակարարումների անհնարինության և երկրում գների բարձրացման պատճառով կարող է սովամահ լինել:
ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻԵՎԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի «բոլոր անդամները կողմ են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ», սակայն այժմ առաջնահերթ խնդիր է աջակցել Կիևին՝ հաղթել պատերազմում՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Ելույթ ունենալով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում՝ նա նշել է, որ երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, Կիևը պետք է զսպման միջոցներ ունենա՝ նոր հարձակումները կանխելու համար:
Ստոլտենբերգը նաև հարցազրույց է տվել Die Welt հեռուստաալիքին, համոզմունք հայտնել, որ հակահարձակման դեպքում Կիևը հաջողություն կունենա:
«Մենք լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել հրետանային սպառազինությունների, հակաօդային պաշտպանության միջոցների, զրահատեխնիկայի, տանկերի մատակարարման հարցում։ Գերմանիան այս ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրել»,- ասել գլխավոր քարտուղարը։
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԵՎ ՍԵՐԲԻԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՆԱՎԹԱՄՈՒՂ ԿԱՌՈՒՑԵԼ
Հունգարիան և Սերբիան մտադիր են համաձայնագիր ստորագրել նավթամուղի կառուցման մասին, որով ռուսական նավթը «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիայի տարածքով կմատակարարվի Սերբիա: Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: Նրա խոսքով՝ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են: Պայմանագիրը կարող է ստորագրվել հունիսին:
Լրատվամիջոցները նշում են, որ «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վրա Եվրամիության պատժամիջոցները չեն տարածվում։