Արդեն մեկ տարի Շիրակում և Լոռիում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում են պարեկային ծառայության մարզային գումարտակների աշխատակիցները: Ոստիկանության կրթահամալիրում ուսումնառությունն անցնելուց զատ՝ իրենց մարզերում ծառայության անցնելուց առաջ պարեկներն աշխատանքային պրակտիկա են անցնում մայրաքաղաքի փորձառու գործընկերների հետ:
Շիրակի և Լոռու պարեկները, իրենց հիմնական գործառույթներից զատ, անցած մեկ տարում բացահայտել են, համապատասխանաբար, կաշառքի՝ 4 և 3, գողության՝ 3 և 7, կողոպուտի՝ 3 և 2, խուլիգանության՝ 14 և 8, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3 և 2, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7 և 3, ավտոառևանգման՝ 3 և 1 դեպք: 2023 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի, և այդ հարցում լուրջ ներդրում ունեն նաև պարեկները: Շիրակում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության՝ 87, Լոռիում` 18 դեպք: Շիրակում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 12, Լոռիում`19 դեպք: Շիրակում ապօրինի փայտանյութի 8 դեպք է հայտնաբերվել է, Լոռիում արձանագրվել է ապօրինի ծառահատման 92 դեպք: Երկու մարզերում էլ պարեկների ջանքերի շնորհիվ բացահայտվել ու կանխվել են նաև այլ հանցագործություններ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Շիրակում կազմվել է 63 639 արձանագրություն, Լոռիում` 52 259: Այդ ընթացքում Շիրակում ոչ սթափ վիճակում մեքենա է վարել՝ 980, Լոռիում` 851 անձ: Շիրակում առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա է վարել 3089, Լոռիում՝ 2595 քաղաքացի: Շիրակում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել՝ 3570, Լոռիում` 2556 տրանսպորտային միջոց: