Ղազախստանը մի քանի անգամ ավելացրել է նավթի արտահանումը Ադրբեջանի տարածքով՝ հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ Կասպից ծովի Ակտաու նավահանգստից Բաքու նավթի մատակարարումը Ռուսաստանը շրջանցող հիմնական երթուղին է: Մատակարարումները հունվար-մարտ ամիսներին հասել են 163.400 տոննայի՝ նախորդ տարվա շուրջ 30.000 տոննայի փոխարեն:
Ղազախական «Կազմորտրանսֆլոտ» պետական բեռնափոխադրող ընկերությունից հայտնել են, որ այս տարվա առաջին եռամսյակում ևս 104 հազար տոննա նավթ է արտահանվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: Բացի դրանից՝ երկիրն ամսական ավելի քան 80 հազար տոննա նավթ է մատակարարում Չինաստան՝ չօգտագործելով ռուսական ենթակառուցվածքը։
Reuters-ի տվյալով՝ 2022 թվականին ղազախական նավթի արտահանումը Ռուսաստանը շրջանցող երթուղիներով հասել է 1,8 միլիոն տոննայի՝ 638 հազար տոննայով ավելի, քան 2021 թվականին։
ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՎՐՈՅԻՑ ՈՒ ԴՈԼԱՐԻՑ. ՆՈՎԱԿ
Ռուսաստանն էներգակիրների համար վճարումներում անցնում է ազգային արժույթներով հաշվարների, գլխավորապես մեծ պահանջարկ են վայելում յուանն ու ռուբլին՝ հայտարարել է երկրի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նրա խոսքով՝ մոտ ապագայում երկիրը մտադիր է հրաժարվել եվրոյից ու դոլարից։
«Մեր գործընկերները Չինաստանում գազի համար արդեն ամբողջովին յուանով են վճարում, նավթի համար՝ դեռ մասամբ: Մենք կշարունակենք բարելավել այդ մեխանիզմը»,- հավելել է Նովակը:
Փոխվարչապետի խոսքով՝ շատերն են ցանկանում ռուսական էներգառեսուրսներ գնել։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌՕՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողները Բաքվում հանդիպել են Ռամշտայնում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական վերապատրաստման խմբի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2023 թվականի Անհատական գործընկերության գործակցության ծրագրի շրջանակում:
ՆԱՏՕ-ի մասնագետները վերապատրաստման դասընթաց են անցկացրել «Ուղղաթիռների օգտագործումը մարտական գործողություններում» թեմայով:
ԲԵԼԳՈՐՈԴՈՒՄ ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ ՉՊԱՅԹԱԾ ԱՎԻԱՌՈՒՄԲ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Ուկրաինայի հետ սահմանից շուրջ 40 կմ հեռու գտնվող՝ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում օրերս տեղի ունեցած պայթյունից հետո սակրավորները չպայթած ավիառումբ են հայտնաբերել, այն վնասազերծվելու է զորավարժարանում՝ հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ անկման վայրից 200 մետր շառավղով 17 բնակելի շենքի մոտ 3 հազար բնակիչ տարհանվելու է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել է Բելգորոդում պայթյունի մասին։ «Ապրիլի 20-ին Բելգորոդ քաղաքի վրայով Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի թռիչքի ժամանակ տեղի է ունեցել ավիացիոն զինամթերքի չպլանավորված վայրէջք»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Կան տուժածներ:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ԱՐՏԱՔՍԵԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ
Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել ռուս դիվանագետների զանգվածային արտաքսման մասին՝ հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը: Գերատեսչության պնդմամբ՝ այդպիսով Բեռլինն աստիճանաբար ոչնչացնում է ռուս-գերմանական հարաբերությունները։
«Խստորեն դատապարտում ենք Բեռլինի նման քաղաքականությունը: Ռուսաստանը հայելային պատասխան կտա ռուս դիվանագետների արտաքսմանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության տեքստում:
Ռուսական կողմը նաև կսահմանափակի երկրում գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների առավելագույն թիվը, ինչի մասին, արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով, պաշտոնապես ծանուցվել է ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան