Սալփի Ագարակյան (Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի նախագահ) - Բնավ չեմ մոռնար Գևորգին, որ առաջին անգամ պոցեոսորը միացրինք։ Ամեն անգամ, երբ երեխայի սարքի միացումը կտեսնեմ, ինձ համար կարծես առաջին անգամ է։
Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի նախագահ Սալփի Ագարակյանը հուզմունքով է պատմում այն առաջին րոպեների մասին, երբ վիրահատությունից հետո միացնում են լսողական ծանր խնդիր ունեցող երեխայի ականջի լսողական սարքը։ Ամեն անգամ զգացողությունը նույնքան սուր է, ասում է նա։
Նա ու Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի վիրաբույժ Ակիրա Իշիյաման այդ ուրախությունը հայ ծնողների հետ ապրում են արդեն քսան տարի։ 2003 թվականից տարեկան մեկ կամ երկու անգամ այցելում են Հայաստան և ականջի վիրահատության միջոցով լսողությունից գրեթե զուրկ երեխաների կոխլեար իմպլանտ տեղադրում։ Թիմն աշխատում է անվճար։ Հիմնադրամի գումարը ծախսում են թանկարժեք իմլանտը գնելու և հիվանդանոցի սպասարկման համար։
Ակիրա Իշիյամա (Կալիֆոռնիայի համալսարանի վիրաբույժ) - Շատ կարևոր նախագիծ է ոչ միայն Հայաստանի երեխաների, այլև նաև ինձ համար։ Ես շատ բան սովորեցի՝ աշխատելով հայերի հետ։ Մենք ստեղծել ենք շատ ամուր աշխատանքային հարաբերություններ երևանյան գործընկերների հետ։ Իմ սովորածն ավելին է, քան իմ ունեցած ներդրումը։
Անցած քսան տարիների ընթացքում Ակիրա Իշիյաման Հայաստանում կատարել է 180 վիրահատություն։ Անցած տարի վիրահատությունների թիվն ամենամեծն է եղել՝ քսանհինգ։
Սալփի Ագարակյան - Ծրագիրը միայն Երևանի համար չէ՝ ամբողջ Հայաստանի: Եթե կեսը Երևանից, է մյուս կեսը մարզերից ու նաև Արցախից, առաջին անգամ երեխաներ ու չափահասներ եկել են Էրեբունի և վիրահատվել։
Լիարժեք վերականգնվել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին տան մոտ պայթած ռումբից լսողությունը կորցրած չորսամյա Արփիի լսողությունը, վիրահատությունից հետո որակապես փոխվել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած՝ Ռոբերտի կյանքը։ Ակիրա Իշիյաման ասում է՝ անում են հնարավորը՝ օգնելու բոլորին, ում ցուցված է վիրահատությունը։
Ակիրա Իշիյամա - Նոյեմբերին վիրահատեցինք արցախցի մի կնոջ։ Բավականին երկար տևեց, մինչև Կարմիր խաչի միջոցով կարողացանք նրան բերել Երևան իմպլանտի ակտիվացման համար։ Այս տարի նույնպես արցախցի երկու հիվանդ ունենք։ Վստահեցնում եմ՝ նրանք անտեսված չեն։ Ես մեծ պատասխանատվություն եմ զգում՝ օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։
Կոխլեար իմպլանտի տեղադրումը Ակիրա Իշիյամայի և Հայկական բժշկական հիմնադրամի միակ ծրագիրը չէ։ Շուտով UCLA-ում վերապատրաստում կանցնի ևս մեկ վիրաբույժ՝ Հայաստանից՝ իմպլանտի տեղադրման վիրահատությունը կատարելու համար։ Ցանկանում են նոր ենթակառուցվածքներ ստեղծել՝ նաև այլ վիրահատություններ կատարելու համար։ Կենտրոնը նախատեսում է նաև հետազոտություններ՝ վիրահատված երեխաների հետագա կյանքի մասին։
Սալփի Ագարակյան - Երեխեքը որ 2004-ին էին վիրահատվել, հիմա չափահասներ են. մեկը Մոսկվայում բժշկական համալարանում է, մյուսը՝ կոմպյուտերի մասնագետ: Ամեն երեխա, որ վիրահատում ենք, արդյունքները տեսնում ենք։
Ակիրա Իշիյամա - Ես չեմ զարմանա, եթե վիրահատվող երեխաների մի մասը դառնա ականջի վիրաբույժ ու անի ճիշտ նույն բանը, ինչ ես։
Կենկո Սոն (Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոս) - Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը այնքան մեծ նվիրում ունի լսողական խնդիրներ ունեցող հայ երեխաներին: Շատ հպարտ եմ նաև, որ իմ հայրենակից բժիշկ Իշիյաման ևս ներգրավված է այդ աշխատանքներում: Ուրախ կլինեմ շարունակաբար աջակցել նրանց:
Հիմնադրամի քսանամյա գործունեությանը նվիրված դրամահավաքի ընթացքում հանգանակված հարյուր հիսուն հազար դոլարը կուղղվի այս տարվա վիրահատություններին։ Բժիշկը Հայաստան կժամանի հունիսին։ Նրան արդեն սպասում է քսան ընտանիք։