Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, գնդապետ Սևակ Աբրահամյանի գործով նիստը: Նիստը սկսելուն պես դատավորը մերժեց Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանի՝ նախորդ նիստում ներկայացրած միջնորդությունը, ապա միջնորդություն ներկայացրեց հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը՝ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ:
Վազգեն Վարդանյան (Հանրային մեղադրող) - Այլ խափանման միջոց, քան կալանքը, չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
Մեղադրող կողմի կարծիքով՝ ազատության մեջ մնալով` Աբրահամյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը: Գնդապետի պաշտպանն էլ հակադարձեց՝ չկա գործով որևէ վկա, որի վրա իր պաշտպանյալը կարող է անօրինական ազդեցություն գործադրել: Աբրահամյանը մեղադրվում է մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու համար, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել հակառակորդի՝ սեպտեմբերի 27-ի հարձակումը: Ըստ գործի նյութերի՝ պատերազմի նախօրեին խնջույք է արել եւ, պարբերաբար տեղեկություններ ստանալով հակառակորդի մեծաքանակ ուժերի տեղաշարժի, կուտակումների մասին, իրավիճակից բխող կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ համապատասխան հանձնարարություններ չի տվել:
Արման Թամրազյան (Սևակ Աբրահամյանի պաշտպան) - Հակառակորդը հարձակվել է սեպտեմբերի 27-ին առավոտ ժամը 7-ին, 5 օր պաշտպանական շրջանը պատերազմ է մղել, 5 օր հետո հակառակորդը հնարավորություն է ունեցել Մատաղիս գյուղը գրավել, հիմա ուզում եմ հասկանալ պատճառաբանական կապը էդ խնջո՞ւյքն է: Սևակ Աբրահամյանը եթե խնջույք չաներ հակառակորդը, Թալիշն ու Մատաղիսը չէ՞ր գրավի, էն, որ մոբիլիզացիա չի արվել, զորքերի պատրաստվածության աստիճանը չի բարձրացվել, անձնակազմով զորքերը չեն համալրվել, հակառակորդի ուժերը 1-ին 10 անգամ գերազանցել են, սրանք պատճառ չեն հանդիսանում, հա՞, էդ Թալիշ ու Մատաղիս գյուղերի գրավման:
Պաշտպանը միջնորդեց Սևակ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը կամ այլընտրանքային խափանման միջոց կիրառել:
Դիրքորոշում հայտնեց նաև ամբաստանյալը:
Սևակ Աբրահամյան (Մատաղիսի զորամասի նախկին հրամանատար, ամբաստանյալ) - Չեմ խոչընդոտելու, քանի որ մեղադրանքում էլ ներկայացված է, որ իմ ենթակա անձնակազմի՝ 1-ին և 4-րդ գումարտակի հրամանատարների ցուցմունքներին չեմ առարկում։ Չեմ կարող իրենց խոչընդոտել։ Իմ ասածը հակասում է իմ վերադաս հրամանատարի՝ գլխավոր շտաբի պետի տեղակալի ասածներին, որն ինձ առաջադրել է ուրիշ խնդիր։ Իսկ ինքը ցուցմունք է տալիս, որ խնդիրը վերաբերում է ուրիշ բանի։
Երբ Աբրահամյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում էր հայտնում, դատավորը մի քանի անգամ ընդհատեց նրան՝ խնդրելով ըստ էության դիրքորոշում հայտնել: Ամբաստանյալն ասաց՝ մինչև իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, ինքը Ռուսաստանի դաշնությունում է եղել, իսկ երբ իմացել է, որ քննիչները հետաքրքրվում են իրենով, ժամանել է Հայաստան և աջակցել քննությանը:
Սևակ Աբրահամյան - Ես պրոբլեմ չունեմ կալանավայրում մնալու, իմ սենյակը, ինչ խցիկում, որ հիմա ես մնում եմ, 100 տոկոս էդ խցիկը ավելի սիրուն է կահավորված, քան թե իմ անձնական սենյակը, որ 25 տարվա ծառայությունից հետո էդ սենյակում էի ես անցկացնում: Հարցը դա չի, հարցն էն ա` ես ձգելո՞ւ եմ մինչև դատավարության վերջը, թե չէ, մարդիկ իմանալո՞ւ են իրականությունը, թե չէ, էդ ես կասկածում եմ, իմ առողջությունը թույլ չի տալիս:
Լսելով կողմերին` դատարանը որոշեց երկարաձգել գնդապետի կալանքը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան