Էրեբունի ամրոցի՝ խորհրդային տարիներին վերականգնված որմնանկարները ամրակայման, պահպանման խիստ կարիք ունեն: Ամենուր բնության, մարդկության ձեռագիրն է՝ ճաքեր, գրություններ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից մասնագիտական խորհուրդը պատմահնագիտական արգելոց-թանգարանում է վանդալիզմի ենթարկված որմնանկարների ճակատագիրը որոշելու համար:
Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - Քանի որ խորհրդային տարիներին հիմնվելով՝ տարբեր մասերից գտնված որմնանկարների բեկորների վրա արվել են վերակազմություններ, վերականգնման աշխատանքներ, այժմ կարիք կա դրանք վերանայելու, շտկումներ անելու:
Որմնանկարների վերակազմությունները 1968-ին են արվել, Էրեբունի թանգարանի տնօրենը մասնագիտական խորհրդին առաջարկում է կավով, հարդով ամրակայման տարբերակը, ինչպես կիրառվել է 2016-ին պատի մի հատվածում:
Միքայել Բադալյան - Շատ փորձված մասնագետներից մեկը, որը նաև Իրանում մեծ փորձ ունի, այստեղ փորձարկում արեց, և տեսեք` 16-ից մինչև էսօր ինչքան լավ է մնացել:
Էրեբունի ամրոցի տարածքում հայտնաբերված որմնանկարների բեկորները այժմ արգելոց-թանգարանում են ցուցադրվում, արտացոլում ուրարտական շրջանի կյանքն ու ծիսակարգերը:
Վահե Սարգսյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն) - Խոսքը վերաբերում է, ցուցադրությունում ներկայացվածներին: Բեկորներում պատկերված են ուրարտական ժամանակաշրջանի առօրյա կյանքի և սիսապաշտամունքային պատկերներ:
Հնագույն քաղաք-ամրոցի տարածքում պեղումներն սկսվել են 1950-ին, հայտնաբերված սեպագիր արձանագրությունը վկայում էր. ամրոցը կառուցել է Վանի արքա Արգիշտին թագավորության հինգերորդ տարում` Ք․ ա․ 782 թ., և անվանել Էրեբունի: Երևան դարձած Էրեբունու պատմությունը հիշեցնում է արվեստաբան Սաթենիկ Վարդանյանը:
Սաթենիկ Վարդանյան (արվեստաբան) - Ժամանակին՝ 60-ականներին, երբ որ պեղումներ էին այստեղ արվում, հապճեպ էին անցկացվում, այդ իսկ պատճառով ունեցել ենք որոշակի անճշտություններ և ոչ բավարար տվյալներ հուշարձանների մասին: Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որ այս հուշարձանը կարճ ժամանակում կարողանանք հնարավորինս վերականգնել և գրագետ վերականգնել:
Առկա խնդիրները ուսումնասիրելով՝ մասնագիտական խորհուրդը ձևակերպեց որմնանկարների վերականգնման տեխնիկական բնութագիրը, որի հիման վրա առաջիկայում կիրականացվեն վերականգման աշխատանքները:
Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Բոլորի կարծիքն է՝ պահպանել առավել դիտարժան և պահպանության ենթակա հատվածները, որոնք հնարավոր է վերականգնել և ցուցադրել զբոսաշրջիկներին:
Վերականգնման աշխատանքներից հետո արգելոց-թանգարան տուրիստների մեծ հոսք կլինի՝ վստահ է տնօրենը: 2022-ին վերջին 30 տարվա մեջ ամենաշատ այցելուն են ունեցել՝ 38 հազար: