Տուն՝ փողոցի կենտրոնում։ Համացանցում հայտնված և մեծ աղմուկ հանած տունը գտնվում է Գյումրիի Պարոնյան փողոցում, պատկանում է Կարապետյանների հինգհոգանոց ընտանիքին:
Տան այդ հատվածի ապամոնտաժումը երեկ սկսվել է: Այն փողոցի երթեկելի մասում է արդեն 35 տարի:
Բայց այսպես հապճե՞պ... Սա հապճեպ չէ, երկու ամիս առաջ ասել էին՝ քանդել:
Տիգրան Կարապետյանը պատմում է, որ տունը կառուցել է երկրաշարժից հետո: Այս ամբողջ ժամանակահատվածում Կարապետյաններին ոչ ոք ոչինչ չի ասել․ միայն վերջերս փողոցը կառուցելիս են կանչել քաղաքապետարան և հորդորել քանդել։
Հենրիկ Գասպարյան (Գյումրու գլխավոր ճարտարապետ) - Հրավիրել ենք տվյալ անձնավորությանը վարչական վարույթ, և տուգանման խնդիր չառաջացավ, որովհետև վաղեմության ժամկետն անցել էր: Ժամանակ տվեցինք, որ քանդի։
Եվ քանի որ Կարապետյանները սահմանված ժամանակահատվածում չեն քանդել ապօրինի կառուցապատումը, համայնքային իշխանության համապատասխան բաժինն է սկսել ապամոնտաժման գործընթացը։
Գյումրու ավագանու անդամ, «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը խնդրին ծանոթ է։ Առաջարկում է նախ պատասխանել՝ արդյոք նախագծման փաստաթղթերում այս խնդիրն արտացոլվե՞լ է, արդյոք շինարարը համայնքապետարանին տեղեկացրե՞լ է ապօրինի կառուցապատման մասին, և գլխավորը՝
այս վիճակում ինչպես է փողոցն ընդգրկվել սուբվենցիոն ծրագրում: Վարդևան Հակոբյանը պնդում է՝ հարցով պետք է իրավապահները զբաղվեն:
Վարդևան Հակոբյան (Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար) - Համոզված եմ, որ, այո, փաստաթղթերի կեղծում, հակառակ դեպքում փողոցը չէր մտնի սուբսիդիա, կամ կմտներ, ու քաղաքացու խնդիրը լուծում կստանար։
Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը «Լուրերին» փոխանցեց՝ սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության ժամանակ արձանագրել են խախտումը և զգուշացրել շինարարին, որ այն չվերացվելու պարագայում ավարտական ակտ չի ստանա: Փողոցը շահագործման հանձնելուց հետո էլ ավարտական ակտ չկա, շինարարը մինչև հիմա չի վճարվել։
Հանրապետության երկրորդ քաղաքում ապօրինի կառույցների թիվը մեծ է։ Կան մայթի հաշվին ընդլայնված բազմաթիվ տներ,- ասում է Գյումրու քաղաքապետը:
Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Մեր կողմից պարտադիր աչալուրջ աշխատում են մասնագետները քաղաքի ամբողջ տարածքում։ Եթե ստացվում է՝ ապօրինի է, միանգամից քանդվում, հեռացվում է։ Հորդորս է, որ իզուր տեղը ծախս չանեն, որովհետև կապամոնտաժվի։
Գյումրու քաղաքապետը հիշեցնում է նաև Կառավարության որոշումը․ մինչև 2027-ը բոլոր տնակները պետք է հեռացվեն։ Քարաշեն կառույցները պետք է սեփականաշնորհվեն, եթե դրանք համապատասխանում են քաղաքաշինության պահանջվող նորմերին, չհամապատասխանելու դեպքում քանդելն այլընտրանք չունի: