Արցախին էներգետիկ ճգնաժամ է սպառնում: Հունվարի 9-ից Աղավնո - Բերձոր հատվածում չի գործում Հայաստանից Արցախ բարձրավոլտ հոսանքագիծը: Էլեկտրաէներգիայի միակ մատակարարը տեղական հիդրոէլեկտրակայաններն են, սակայն տեղումները նվազել են, ու խնդիրն ավելի է խորացել,ահազանգում է «Արցախ ՀԷԿ» ընկերության գլխավոր ինժեները:
Արմեն Գասպարյան («Արցախ ՀԷԿ» ընկերության գլխավոր ինժեներ) - Կրկնակի ավելացել է ջրի ծախսը մեկ կիլովատտ էլեկտրաէներգիա արտադրելու համար: Դուք պատկերացրեք, որ իջնելուց ավելի է շատանում ջրի ծախսը:
Սպասվող էներգետիկ ճգնաժամի ամենամեծ ցուցիչը Սարսանգի ջրի մակարդակի՝ ջրամբարի պատմության ընթացքում աննախադեպ իջեցումն է: 600 մլն խորանարդ մետր տարողունակությամբ ջրամբարում այս պահին 100 միլիոն խորանարդ մետր ջուր կա, որի 70 տոկոսը մեռյալ ծավալն է ու ենթակա չէ օգտագործման:
Արմեն Գասպարյան - Մենք մեծ արագությամբ իջնում ենք անթույլատրելի մակարդակին, որից հետո չենք կարող անվտանգ աշխատեցնել մեր «Սարսանգ» ՀԷԿ-ը: Այսինքն՝ պիտի պատրաստվենք, որ եթե ոչ մի բան չլինի (նկատի ունի տեղումները - հեղ.) պիտի պատրաստվենք վատ սցենարին: Նկատի ունեմ` կարող է մեծ ժամանակահատվածներով անջատեն:
Մարտի 21-ից ադրբեջանական կողմը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ գազատարը: Էլեկտրաէներգիայի մատակարար ընկերությունը ձմռանն անցել էր օրական 4 ժամ հովհարային անջատումներով գրաֆիկի: Հիմա արցախցիներն օրվա մեջ 3 անգամ 1 ժամով, բացի գազից, նաև էլեկտրաէներգիա չեն ունենում:
Տիգրան Գաբրիելյան («Արցախէներգո» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ) - Անցել ենք 3-ժամյա ժամանակացույցին` այն պատճառով, որ եղանակները տաքացել են, բեռը, բնականաբար, թեթևացել՝ ընդհանուր սպառումը նվազել է, ինչպես նաև մի շարք գործարաններ, խոշոր ձեռնարկություններ, խոշոր սպառողներ շրջափակման պատճառով չեն աշխատում՝ աշխատանքները դադարեցվել են, բնականաբար, դրան զուգահեռ` սպառումը որոշ չափով ընկել է:
Եթե ձմռանը բարձր լարումն ու հաճախակի անջատումները վթարների պատճառ էին դառնում, ապա այժմ վթարները համեմատաբար քիչ են, նշում է Տիգրան Գաբրիելյանը:
Տիգրան Գաբրիելյան - Վերջին ժամանակաշրջանում գազամատակարարման պատճառով մի շարք բնակիչներ անցել են էլեկտրական տաքացուցիչների, ջուր տաքացնելուն, այսինքն՝ արիստոն և նման այլ համակարգեր են օգտագործում, այդ պատճառով որոշ տեղերում ունենք վթարներ, որովհետև մեծ հզորություն է միանգամից միացվում, բայց անհատական վթարներ են, ոչ թե առաջվա նման` մի լրիվ շենք կամ թաղամաս:
Կեղծ բնապահպանական պատճառով 2022-ի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանքը: Այն բացելու որոշում ունի արդարադատության միջազգային դատարանը, որը դեռևս չի կատարել Ադրբեջանը: