ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ԱՔԱՐ
Առանց Թուրքիայի մասնակցության՝ հնարավոր չէ որևէ խնդիր լուծել Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում, Բալկաններում և Կովկասում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հուլուսի Աքարի խոսքով՝ Թուրքիան մեծ և ուժեղ պետություն է, կարևոր դերակատար տարածաշրջանում և աշխարհում և լուրջ նախագծեր ունի Ասիայում և Աֆրիկայում: Նա կարծիք է հայտնել, որ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներ կան՝ սկսած թաքնված պատժամիջոցներից մինչև ահաբեկչություն: Նա ընդգծել է՝ Թուրքիայի զինված ուժերի միակ թիրախը ահաբեկիչներն են:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Քոջասինան շրջանում գտնվող «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակի վրա, անհայտ անձը կրակ է բացել շենքի ուղղությամբ: Նմանատիպ դեպք է գրանցվել նաև Ստամբուլի Կուլելի շրջանում: Ոստիկանները ձերբակալել են կասկածյալներին:
Երեկ էլ Ադանայում անհայտ անձը կրակ էր բացել «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա: Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպերը կապված են մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ:
ՊՏՏԱՀՈՂՄ ԵՎ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիան պայքարում է բնական աղետների դեմ: Ադանա քաղաքի փողոցները հորդառատ անձրևների պատճառով անցել են ջրի տակ։ Սոցցանցերում տարածվող տեսանյութերում երևում է՝ ինչպես են ջրի հոսքերը վնասում ավտոմեքենաները և քշում մարդկանց:
Երեկ էլ թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Քահրամանմարաշում, որն ամենաշատն էր տուժել 2 ամիս առաջ տեղի ունեցած երկրաշարժից, հզոր փոթորիկ է արձանագրվել: Մահացել է մեկ, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։ Ավերվել է 100-ից ավելի վրան, որոնցում ապաստանել էին երկրաշարժից տուժածները: Հաղորդվում է, որ վերջին տվյալով՝ փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50.783-ի:
ՍՈՒԴԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ
Սուդանի կանոնավոր բանակը հայտարարել է, որ համաձայն է եռօրյա հումանիտար հրադադարար պահպանել: Տեղական լրատվամիջոցները, սակայն, գրում են, որ հրադադարը չի պահպանվում: Բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև բախումները չեն դադարում։
Հատուկջոկատայիններն էլ պատրաստակամություն էին հայտնել մասամբ բացել իրենց վերահսկողության տակ անցած օդանավակայանները՝ օտարերկրյա քաղաքացիների տարհանման համար: Այս նախաձեռնությունը, սակայն, նույնպես կյանքի չի կոչվում:
Երկրում փոխհրաձգությունների հետևանքով ավելի քան 600 մարդ է զոհվել, կան հազարավոր վիրավորներ:
ՂԱԶԱԽՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
Ղազախստանը բազմապատկել է նավթի արտահանումն Ադրբեջանի տարածքով՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Կասպից ծովի Ակտաու նավահանգստից Բաքու նավթի մատակարարումը Ռուսաստանը շրջանցող հիմնական երթուղին է: Մատակարարումները հունվար-մարտ ամիսներին հասել են 163,400 տոննայի՝ նախորդ տարվա շուրջ 30.000 տոննայի փոխարեն:
Ղազախական կողմի տվյալով՝ այս տարվա առաջին եռամսյակում ևս 104 հազար տոննա նավթ է արտահանվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: Բացի այդ, երկիրն ամսական ավելի քան 80 հազար տոննա նավթ է մատակարարում Չինաստան՝ չօգտագործելով ռուսական ենթակառուցվածքը։
ԲԵԼԳՈՐՈԴՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՎԻԱՌՈՒՄԲԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է
Ուկրաինայի հետ սահմանից շուրջ 40 կմ հեռու գտնվող Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում օրերս տեղի ունեցած պայթյունից հետո սակրավորները չպայթած ավիառումբ են հայտնաբերել, այն արդեն վնասազերծվել է, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ անկման վայրից 200 մետր շառավղով 17 բնակելի շենքի մոտ 3 հազար բնակիչ է տարհանվում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ապրիլի 20-ին Բելգորոդի վրայով Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի թռիչքի ժամանակ տեղի է ունեցել ավիացիոն զինամթերքի չպլանավորված վայրէջք։ Կան տուժածներ:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ԱՐՏԱՔՍԵԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ
Գերմանիան որոշում է կայացրել ռուս դիվանագետների զանգվածային արտաքսման մասին՝ հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը:
«Ռուսաստանը հայելային պատասխան կտա ռուս դիվանագետների արտաքսմանը», - ասված է ԱԳՆ հայտարարության տեքստում:
Գերմանական Bild պարբերականի տվյալով՝ խոսքը Մոսկվայում աշխատող մոտ 90 գերմանացի դիվանագետից 34-ին արտաքսելու մասին է։
Գերմանիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Բեռլինն ի գիտություն է ընդունել Մոսկվայի որոշումը։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին Կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ Էմանուել Մակրոնը ստորագրեց համապատասխան օրենքը: Արհմիությունները և քաղաքացիները պահանջում են չեղարկել նախաձեռնությունը, իշխանությունները նշում են, որ օրենքը կսկսի գործել արդեն այս տարվա սեպտեմբերից:
Մինչ այդ՝ Էներգետիկ արդյունաբերության ոլորտի աշխատակիցների ասոցիացիան զգուշացրել է, որ ի նշան բողոքի՝ առանց հոսանքի կթողնի մայիսի 16-27-ը նախատեսված Կաննի 76-րդ կինոփառատոնը և միջազգային այլ խոշոր միջոցառումներ: